Եվրոպական խաղեր. Մաքսիմ Մանուկյանը մնաց առանց մեդալի

19:43   14 հունիսի, 2015

Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը չկարողացավ մեդալ նվաճել Բաքվում շարունակվող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 85 կգ քաշային կարգում:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 21-ամյա Մանուկյանը հանդիպեց թուրք Մետեհան Բասարին եւ պարտվեց 0:3 հաշվով: Առաջին մրցափուլն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ երկրորդում թուրք ըմբիշը վաստաեց 3 միավոր:

Նախորդ 4 գոտեմարտերում հայ ըմբիշը 2 րոպե 21 վայրկյանում 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Սաման Տահմասեբիի նկատմամբ, 8:1 հաշվով հաղթել էր չեխ Արտուր Օմարովին, պարտության էր մատնել լիտվացի Ալեքսանդր Կազակեւիչին, իսկ կիսաեզրափակիչում 4:12 հաշվով պարտվել էր Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկին:

Այսպիսով, Հայաստանը մեկ մեդալ ունի Եվրոպական խաղերի երկրորդ օրվանից հետո: Հունիսի 14-ին Միհրան Հարությունյանը դուրս էր եկել 66 կգ քաշային կարգի եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով պարտվել էր ռուս Արտյոմ Սուրկովին եւ բավարարվել էր արծաթե մեդալով:

Հունիսի 14-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով անհաջող էր մեկնարկել՝ 1/16 եզրափակիչում 1 րոպե 55 վայրկյանում 0:8 հաշվով պարտվելով դանիացի Մարկ Մադսենին: Եվրոպական խաղերի առաջին մրցումային օրը հանդես էր եկել նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, ով պարտվել էր 59 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բաքու էր մեկնել այս 4 ըմբիշներով: Հունահռոմեականների մրցաշարն ավարտվեց, իսկ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը կմեկնարկի հունիսի 17-ին: Այդ ոճում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ՝ Գարիկ Բարսեղյան (57կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61կգ), Դավիթ Սաֆարյան (65կգ), Գրիգոր Գրիգորյան (74կգ), Մուսա Մուրթազալիեւ (86կգ) եւ Լեւան Բերիանիձե (125կգ):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.