13:04 14 հունիսի, 2015Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը Բաքվում շարունակվող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում չկարողացավ դուրս գալ եզրափակիչ եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 4:12 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկին: Երկրորդ մրցափուլի սկզբնամասում Մաքսիմը հաղթում էր 4:0 հաշվով, սակայն հետո շնչառական խնդիրների պատճառով պարտվեց գոտեմարտը: Մրցակիցը նրան մի քանի անգամ դուրս հրեց մրցագորգից:
Նախորդ 3 գոտեմարտերում Մանուկյանը 8:1 հաշվով հաղթել էր չեխ Արտուր Օմարովին, 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Սաման Տահմասեբիի նկատմամբ եւ պարտության էր մատնել լիտվացի Ալեքսանդր Կազակեւիչին:
Բրոնզե մեդալի համար Մաքսիմ Մանուկյանը կգոտեմարտի թուրք Մետեհան Բասարի հետ:
Հունիսի 14-ին կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ով տարել է 3 հաղթանակ եւ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ադրբեջանցի Հասան Ալիեւի հետ: 75 կգ քաշային Կարապետ Չալյանն անհաջող էր մեկնարկել՝ 1/16 եզրափակիչում 1 րոպե 55 վայրկյանում 0:8 հաշվով պարտվելով դանիացի Մարկ Մադսենին: Եթե դանիացի ըմբիշը դուրս գար եզրափակիչ, Չալյանը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն Մադսենը մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվեց քառորդ եզրափակիչում:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի առաջին մրցումային օրը հանդես էր եկել նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, ով պարտվել էր 59 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.