Արթուր Ալեքսանյանը նույնպես ոսկե մեդալ նվաճեց Սոֆիայում

21:37   25 ապրիլի, 2015

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցակցությունից դուրս էր Սոֆիայում անցկացվող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում:

Գյումրեցի ըմբիշը, հաղթելով բոլոր գոտեմարտերում, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 6:0 հաշվով պարտության է մատնել իտալացի Դաիգորո Տիմոնչինիին՝ նվաճելով ոսկե մեդալ:

Արթուր Ալեքսանյանի ավագ եղբայր Ռաֆայելը 71 կգ քաշայինների եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է իրանցի Աֆշին Բյաբանգարդին՝ բավարարվելով արծաթե մեդալով: 80 կգ քաշային Էդուարդ Սարգսյանը բուլղարացի ըմբիշին պարտվելուց հետո հնարավորություն է ստացել պայքարել երրորդ տեղի համար եւ նվաճել է բրոնզե մեդալ:

Ապրիլի 25-ին պայքարի մեջ է մտել նաեւ 80 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը, ով մրցանակային տեղ չի զբաղեցրել:

Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին օրն օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 75 կգ քաշային կարգում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ Կարապետ Չալյանն արժանացել էր բրոնզե մեդալի: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։