Տիգրան Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

21:15   14 ապրիլի, 2015

Հայաստանը ներկայացնող Տիգրան Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճեց Թբիլիսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում:

Աշխարհի 2010թ. չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 351 կգ արդյունք եւ, անձնական քաշով գերազանցելով Ռուսաստանը ներկայացնող գերմանացի Վիկտոր Գեցին, նվաճեց ոսկե մեդալ: Դոպինգի պատճառով 2 տարվա որակազրկումից հետո մրցահարթակ վերադարձած Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 350 կգ արդյունքով եզրափակեց լավագույն եռյակը:

Պոկում վարժությունում 19-ամյա Կարապետյանը 164 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ, իսկ Մարտիրոսյանը եւ Վիկտոր Գեցը 160-ական կգ ցուցանիշով բաժանեցին 2-3-րդ տեղերը, սակայն հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալի արժանացավ ավելի թեթեւ լինելու շնորհիվ:

Հրում վարժությունում Տիգրան Մարտիրոսյանը եւ Վիկտոր Գեցը գրանցեցին 191 կգ, իսկ Կարապետյանը 186 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Ավելի վաղ Վրաստանի մայրաքաղաքում մեդալ էր նվաճել նաեւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, ով դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը հանդես կգա Աղասի Աղասյանը, ով ապրիլի 16-ին ուժերը կփորձի 85 կգ քաշային կարգում: Եվրոպայի առաջնությունն ավարտվելու է ապրիլի 18-ին:

Եվրոպայի առաջնության, տղամարդիկ, 77 կգ

1. Տիգրան Մարտիրոսյան (Հայաստան) – 351 կգ (160+191)

2. Վիկտոր Գեց (Ռուսաստան) – 351 կգ (160+191)

3. Անդրանիկ Կարապետյան (Հայաստան) – 350 կգ (164+186)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։