Արթուր Աբրահամը վստահորեն պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը (ֆոտո)

02:51   22 փետրվարի, 2015

Արթուր Աբրահամը հերթական անգամ պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Փետրվարի 21-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի O2 World մարզապալատում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ, բրիտանացի Փոլ Սմիթին, ում հետ անցկացնում էր ռեւանշ մենամարտ:

1-3-րդ ռաունդները նման էին իրար: Սմիթն ավելի ակտիվ էր սկսում ռաունդը, որի վերջնամասն անցնում էր 35-ամյա Աբրահամի գրոհների ներքո: Սկզբնամասում 32-ամյա բրիտանացին ավելի շատ էր գրոհում, սակայն Արթուրի հակագրոհներն ավելի նպատակային էին ու վտանգավոր: Հայ բռնցքամարտիկի առավելությունը նկատվեց չորրորդ ռաունդում, որում Սմիթը բաց թողեց մի շարք հարվածներ: Հաջորդ մի քանի ռաունդներում եւս Աբրահամի առավելությունը մեծ էր: Արթուրն անցկացնում էր շատ գրագետ մենամարտ, իսկ մրցակցի հարվածներն այլեւս վտանգավոր չէին ստացվում: Վերջնամասում հայ բռնցքամարտիկը փորձում էր կատարել իր խոստումը եւ նոկաուտի ենթարկել մրցակցին, սակայն Փոլ Սմիթը դիմացավ մինչեւ վերջ: Պրոֆեսիոնալ ռինգում Արթուր Աբրահամի 42-րդ հաղթական մենամարտում գրանցվեց 116:112, 117:111, 117:111 հաշիվը: Անցկացրած 48 մենամարտերում նա 28 անգամ հաղթել է նոկաուտով: 

Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աբրահամը նշել էր, որ Սմիթի նկատմամբ հաղթանակը կնվիրի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Հիշեցնենք, որ Աբրահամի եւ Սմիթի միջեւ նախորդ մենամարտը կայացել էր 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109: Այդ մարտից հետո բրիտանացին հայտարարել էր, որ մրցավարներն օգնել են Արթուրին: 




© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.