Դորտմունդի «Բորուսիան» պարտությամբ ավարտեց 2014 թվականը: Բունդեսլիգայի 17-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը Բրեմենում 1:2 հաշվով պարտվեց «Վերդերին», որը մինչեւ այս տուրը բաժանում էր վերջին տեղը:
Խաղի մեկնարկը շատ անհաջող ստացվեց դորտմունդցիների համար, քանի որ երրորդ րոպեին գերմանացի 19-ամյա հարձակվող Դեւի Շելկեն գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Վերդերին»: Առաջին խաղակեսում «Բորուսիան» ուներ տարածքային առավելություն, սակայն չէր կարողանում ստեղծել գոլային պահեր, իսկ բրեմենցիներն անցկացրին մի քանի վտանգավոր հակագրոհներ:
Ընդմիջումից հետո Յուրգեն Կլոպի թիմի խաղը չփոխվեց, իսկ «Վերդերը» չկորցրեց հաշիվը կրկնապատկելու հնարավորությունը: «Վերդերի» երկրորդ գոլը 62-րդ րոպեին խփեց գերմանացի Ֆին Բարտելսը: Րոպեներ անց «Բորուսիայի» ավագ Մատս Հումելսը կրճատեց հաշիվը, սակայն խաղի վերջնամասում նկատելի առավելություն ունեցող հյուրերին չհաջողվեց փրկել խաղը: Հակագրոհներով խաղացող «Վերդերն» ավելի մոտ էր գոլ խփելուն, բայց դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:
Դեկտեմբերի 13-ին վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանը հայտավարված չէր հանդիպմանը եւ խաղադաշտից բացակայելու է 6 շաբաթ:
Դորտմունդի «Բորուսիան» 10-րդ պարտությունը կրեց Գերմանիայի այս առաջնությունում եւ 15 միավորով նահանջեց նախավերջին՝ 17-րդ տեղ:
Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր
«Վերդեր» - «Բորուսիա Դ.»՝ 2:1
Դեւի Շելկե, 3, Ֆին Բարտելս, 62 – Մատս Հումելս, 69
«Բայեր» - «Այնտրախտ»՝ 1:1
Քարիմ Բելարաբի, 81 – Ալեքսանդր Մայեր, 36 (11մ.)
«Աուգսբուրգ» - «Բորուսիա Մ.»՝ 2:1
Մարկուս Ֆեուլներ, 21, Ռաուլ Բոբադիլիա, 51 – Մաքս Կրուզե, 3 (11մ.)
«Շտուտգարտ» - «Պադերբորն»՝ 0:0
«Շալկե» - «Համբուրգ»՝ 0:0
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։