15:59 20 հոկտեմբերի, 2014«Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ մոսկովյան ակումբի գործադիր տնօրենի երիատասարդական հարցերով խորհրդական Դմիտրի Գուկոն NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Երեւանի «Ուլիսը» գլխավորելու, հայկական արմատների եւ Հայաստան կատարած այցի մասին:
Վերջերս ռուսական լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե ռուս նախկին ֆուտբոլիստը մոտ օրերս կգլխավորի «Ուլիսը», որն օրեր առաջ պաշտոնանկ էր արել Սուրեն Չախալյանին:
Պարոն Գունկո, նախապես ասեմ, որ շատերին կհետաքրքրի Ձեր այցը Հայաստան՝ հատկապե, եթե նշեմ, որ Ձեզ հետ զրուցել եմ «Ուլիսի» երկկողմանի հանդիպման ժամանակ:
Ես մեծ սիրով արձագանքեցի Ջեւան Չելոյանցի՝ Հայաստան ժամանելու հրավերին: Իմ արմատները 25 տոկոսով հայկական են: Պապս հայ էր: Ես երբեք չեմ եղել Հայաստանում: Շատ հետաքրքիր էր լինել այստեղ: Շատ ճանաչողական այցելություն էր: Ինձ շատ դուր եկավ Հայաստանի կոլորիտը:
Ի՞նչ տպավորություններ ստացաք մեր երկրից:
Ինձ շատ դուր եկավ Երեւանի ճարտարապետությունը, վարդագույն տուֆը, որով կառուցված է մայրաքաղաքը: Օդը լավն է, եղանակը՝ հիանալի: Հոկտեմբերի կեսն է, բայց օդի ջերմաստիճանը 20-ից բարձր է եւ արեւոտ:
Մինչեւ Հայաստան գալն ի՞նչ գիտեիք երկրի, մշակույթի եւ հայկական ֆուտբոլի մասին:
Ես ծանոթ եմ հավաքականի երկու ֆուտբոլիստների՝ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի հետ: Ծնողներիցս շատ եմ լսել Հայաստանի մասին: Նրանք միշտ շատ ջերմ էին խոսում այս երկրի մասին, եւ ինձ միշտ տպավորում էին այդ պատմությունները:
Երեւանում հետեւեցիք «Ուլիսի» երկկողմանի հանդիպմանը: Ի՞նչ կասեք հայկական ֆուտբոլի եւ Ֆուտբոլային ակադեմիայի մասին:
Ինձ շատ դուր եկավ ենթակառուցվածքը: Դաշտերի այս քանակն ու որակը միայն ուրախացնում են: Այս ամենը կբերի ֆուտբոլիստների վարպետության աճին այս ակադեմիայում: Ինչ վերաբերում է «Ուլիսին», ապա երկկողմանի խաղով դժվար է գնահատական տալ: Ես ծանոթ եմ «Ուլիսի» մի քանի ֆուտբոլիստների՝ Արտակ Ալեքսանյանի, Հովհաննես Գոհարյանի եւ Աղվան Պապիկյանի հետ:
Ինչո՞ւ Աղվան Պապիկյանը չմնաց «Սպարտակի» երիտասարդական թիմում:
Աղվանն, իհարկե, տաղանադավոր ֆուտբոլիստ է: Այն ժամանակ, երբ նա երիտասարդական թիմում էր, ես «Սպարտակի» գլխավոր թիմում օգնում էի Վալերի Կարպինին: Այդ պատճառով չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ինձ համար դժվար է գնահատել նրա հնարավորությունները:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մովսիսյանն ու Օզբիլիսը երկար ժամանակ բաց թողեցին: Արասը կվերադառնա գարնանը, իսկ Յուրան արդեն շուտով կարող է խաղալ: Ըստ Ձեզ՝ նրանց համար հե՞շտ կլինի դարձյալ հայտնվել «Սպարտակի» հիմնական կազմում:
Երեւի այդ հարցը ինձ պետք է չուղղել: Ես Արասին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Նա ստացավ բավական բարդ վնասվածք: Հուսամ՝ Արասը կապաքինվի եւ կմիանա թիմին: Նույնը մաղթում եմ Յուրային, սակայն նա արդեն մարզվում է թիմի հետ:
Դուք ճանաչում եք շատ հայ ֆուտբոլիստների: Նրանք ինչ-որ բանով տարբերվո՞ւմ են մյուսներից:
Հայերը շատ ամբիցիոզ են: Նրանք չեն սիրում պարտվել, իսկ մշտապես գրոհելու ցանկությունը նրանց բնավորության անբաժան մասն է:
Ինչպե՞ս անդրադարձավ «Սպարտակի» նոր ստադիոնի բացումը թիմի մթնոլորտի վրա:
Վերջապես տեղի ունեցավ այն, ինչ երկար ժամանակ երազում էին «Սպարտակի» բոլոր երկրագուները: Դա հիանալի ստադիոն է: Այնտեղ երկրպագուները կկարողանան ոգեւորել ֆուտբոլիստներին՝ հասնելու նոր հաջողությունների:
Նախորդ գարնանը Դուք մի քանի ամսով գլխավորեցիք «Սպարտակը»: Ի՞նչ տվեց Ձեզ այդ փորձը:
Շատ հետաքրքիր էր աշխատել թիմի հետ եւ լինել այնտեղ: Դա հիանալի փորձ էր ինձ համար: Ցավոք, թիմը չգրավեց այն տեղը, որը սպասվում էր:
Ի՞նչն է Ձեզ մոտ ավելի լավ ստացվում մարզչական աշխատանքում:
Մարզիչը պետք է չմասնագիտացվի կոնկրետ մեկ բանի վրա: Ես չեմ կարող գնահատել ինքս ինձ:
Որո՞նք են Ձեր թույլ կողմերը:
Իսկ Դուք ցանկանում եք, որ ես նշեմ իմ թույլ կողմե՞րը: Ասեմ այսպես՝ ես աշխատում եմ դրանց վրա:
«Սպարտակում» հիմնականում հանդես են գալիս լեգեոնականներ: Ինչպե՞ս է դասավորվում «Սպարտակի» ակադեմիայի սաների հետագա ճակատագիրը:
Երիտասարդների դաստիարակումը ակադեմիայի հիմնական խնդիրն է: Մեր թիմում ակադեմիայի շատ սաներ կան: Ասեմ ավելին՝ հենց մեր ակադեմիայի սաներն են ամենաշատը հանդես գալիս «Սպարտակում» եւ Պրեմյեր լիգայի մյուս թիմերում: Նրանք շատ պահանջված են ռուսական շուկայում, անգամ՝ հայկականում: Օրինակ՝ Արտակ Ալեքսանյանը, բայց մեր ակադեմիայի հիմնական նպատակը «Սպարտակին» լավ կադրեր տրամադրելն է:
«Սպարտակի» երկրպագուներն ամենամեծաքանակը, ամենաէմոցիոնալը եւ գուցե ամենանվիրվածն են Ռուսաստանում: Ի՞նչն է մոտիվացնում մարդկանց այդքան նվիրված լինել թիմին, որն արդեն երկար տարիներ ոչ մի տիտղոս չի նվաճում:
Իզուր չէ, որ «Սպարտակին» անվանում են ազգային թիմ: Այդպես է ստացվել պատմականորեն: «Սպարտակն» ունի ամենահարուստ պատմությունը եւ իր խաղով միշտ գրավել է բազմաթիվ երկրպագուների:
Ինչո՞վ է տարբերվում այսօրվա ֆուտբոլը Ձեր ժամանակվա խաղացած ֆուտբոլից:
Շատ բաներով: Այժմ ֆուտբոլում կան մեծ գումարներ, ներգրավված են ժամանակակից տեխնոլոգիաներ: Կողքից դա չի երեւում: Օրինակ՝ այժմ կան ծանրաբեռնվածության հսկողության համակարգ, խաղը կառուցելու բազմաթիվ վերլուծական ծրագրեր:
Գուցե դա սպանում է ֆուտբոլը:
Այդ տեխնոլոգիաները չեն սպանում: Ֆուտբոլը մնում է նույնը՝ 11-ը խաղում են 11-ի դեմ: Առաջ պարզապես մեկ թիմ խաղում էր մյուսի դեմ, իսկ այժմ խաղից բացի կան շատ այլ գործոններ: Իսկ ֆուտբոլի մակարդակն ամենուր է աճել:
Ի՞նչ կասեք Ռուսաստանի հավաքականի վերջին խաղերի մասին:
Ինձ դուր եկավ Շվեդիայի հետ խաղը: Մերոնք կարող էին հաղթել, բայց ինձ դուր չեկավ խաղի որակը: Ես չեմ քննադատի մեր հավաքականին. դա լրագրողների գործն է:
Դուք աշխատել եք նաեւ որպես մարզական լրագրող: Ձեզ դուր չեկա՞վ այդ փորձը:
Ես այն ժամանակ դեռ ֆուտբոլիստ էի եւ հասկացա, որ վնասվածքս թույլ չի տա խաղալ, իսկ առանց ֆուտբոլ իմ կյանքը չէի պատկերացնում: Մի քանի հոդված եմ գրել «Սովետսկի սպորտում», բայց երբ ավարտեցի ֆուտբոլիստի ոչ այնքան երկար կարիերաս, դարձա մարզիչ: Իսկ մարզիչի աշխատանքն ու լրագրությունը անհամատեղելի են:
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.