22:48 11 հոկտեմբերի, 2014Մեր ֆուտբոլիստներն այսօր ցույց տվեցին, որ ունեն սիրտ եւ այս սրտով ու ոգով կարող են դուրս գալ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ: Ես վստահ եմ, որ եթե Մովսիսյանը, Մխիթարյանը եւ Ղազարյանը դաշտում լինեին, կխաղային այնպես, ինչպես այսօր մեր տղաները:
Այս մասին Հայաստան - Սերբիա (1:1) Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղից հետո կայացած ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը:
«Կարծում եմ, որ նորմալ էր, բայց ես հիմա երկակի զգացողություններ ունեմ եւ մի փոքր հիասթափված եմ: Եթե հաշիվը լիներ 2:0, մենք ավելի մոտ կլինեինք հաղթանակին: Սակայն, այնուամենայնիվ, ես գոհ եմ ցուցադրված խաղից:
Սա թիմ էր, դաշտում թիմ էր խաղում, ամբողջական թիմ: Պաշտպանությունում մենք խաղացինք ինչպես հարկն էր, բայց սերբերն ունեն այնպիսի պաշտպաններ, որոնց դեմ դժվար է խաղալ: Պետք է գոհ մնանք խաղից, ես շատ գոհ եմ, քանի որ մեր տղաները ցույց տվեցինք, որ թիմ են, ես բավարարված եմ նրանց խաղից:
Ես չեմ կարող Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպումն ընկալել որպես ընկերական: Իմ խնդիրն է տեսնել, թե վաղն իմ խաղացողներն ինչ մարզավիճակում կլինեն: Գուցե Ֆրանսիան մեր դեմ խաղա երկրորդ կազմով, բայց նրանց երկրորդ կազմը հարաբերական է: Պետք է պայքարենք այնպես, ինչպես այսօր: Հնարավոր է, որ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում մենք կփորձարկենք երկու-երեք նոր խաղացողների, քանի որ չգիտեմ՝ ինչ վիճակում կլինեն իմ ֆուտբոլիստներն այսօրվա բարդ հանդիպումից հետո: Պետք է չմոռանանք, որ մենք հանդիպելու ենք Ֆրանսիայի պես հավաքականի հետ, իսկ այդ խաղը նվեր չի լինելու մեզ համար:
Ես այսօր կարողացա եփել այն ապուրը, որը ցանկանում էի: Ես վստահ եմ, որ եթե Մովսիսյանը, Ղազարյանը եւ Մխիթարյանը դաշտում լինեին, կխաղային այնպես, ինչպես այսօր մեր տղաները: Կապ չունի, որ նրանք ավելի աստղային են, նրանք էլ են խաղում եւ շարունակելու են հանդես գալ առյուծների պես, ինչպես այսօր խաղացին այս տղաները: Այս խմբում ամեն ինչ հնարավոր է, եւ բոլորը բոլորից կարող են միավոր խլել: Եթե մեր երեք խաղացողները վերադառնան, մենք կարող ենք հաղթական խաղեր ունենալ թե՛ տանը, թե՛ դրսում: Մեր ֆուտբոլիստներն այսօր ցույց տվեցին, որ ունեն սիրտ եւ այս սրտով ու ոգով կարող են դուրս գալ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ:
Այսօրվա խաղի սցենարը շատ նման էր Դանիայի հետ մրցավեճին, քանի որ այնտեղ էլ Մխիթարյանին մոտ 10 սանտիմետր չհերիքեց, որպեսզի ընդունի գնդակը եւ հաշիվը դարձնի 2:0: Նույնը կատարվեց այսօր: Դանիայի հետ խաղից հետեւություններ արեցի, որ պետք է փակել պաշտպանության եզրերը ու ավելի քիչ հնարավորություն եւ տարածություն տալ մրցակցին:
Եթե Մարկոսը իրացներ 11 մետրանոցը, հաշիվը կդառնար 2:0 եւ վերջ: Մենք ունենք խաղացողներ, ովքեր խաղում են «Փյունիկում», իսկ սերբերն ունեն «Չելսիի» ներկայացուցիչներ: Եվ ես հարց եմ տալիս՝ ինչու է դա այդպես: Մեր խաղացողը ստանում է ամսական 1000 դոլար, իսկ նրանք ունեն ֆուտբոլիստներ, որոնց շաբաթական աշխատավարձը 100 հազար դոլար է: Տարբերությունը նրանում է, որ նրանք ունեն որակյալ խաղացողներ: Անկախ ամեն ինչից, եւս մեկ անգամ կրկնում եմ, որ գոհ եմ իմ թիմի խաղից եւ շնորհավորում եմ մեր թիմին այսպիսի խաղի համար»,- նշեց շվեյցարացի մաասնագետը:
Հիշեցնենք, որ երեւանյան խաղում Հայաստանի հավաքականը Ռոբերտ Արզումանյանի գոլի շնորհիվ մինչեւ 90-րդ րոպեն առջեւում էր հաշվի մեջ, սակայն Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Զորան Տոշիչը սերբերին փրկեց պարտությունից:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.