16:15 29 սեպտեմբերի, 2014«Ալաշկերտի» հետ հաղթական խաղից հետո «Արարատի» ավագ Ալեքսանդր Ռակիչը զրուցել է ակումբի մամուլի ծառայության հետ: Սերբ 27-ամյա հարձակվողի դուբլը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի խաղում 3 միավոր պարգեւեց «Արարատին», որը հեռացավ վերջին տեղից:
Ալեքս, դու դարձար երկու գոլի հեղինակ եւ հաղթանակ պարգեւեցիր «Արարատին»: Ի՞նչ կասես խաղի մասին:
Մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Բոլոր խաղացողներն արեցին առավելագույնը հաղթանակի համար:
Այսօր զգալի առաջընթաց կար մեր թիմի խաղում: Ի՞նչ է փոխվել նախորդ հանդիպումների համեմատ:
Բոլորս գիտենք ստեղծված իրավիճակի մասին: Այս պահին «Ամեն ինչ կամ ոչինչ» կարգախոսով ենք առաջնորդվում: Խաղացինք 100 տոկոս նվիրվածությամբ եւ 3 կարեւոր միավոր վաստակեցինք:
Ինչո՞վ կարող ես բացատրել «Արարատի» անհաջող մրցելույթներն առաջնության առաջին շրջանում:
Նախորդ մրցաշրջանի համեմատ թիմի կազմը գրեթե ամբողջովին փոխվել է: Շատ են արտասահմանցի նորեկները: Մեզ ժամանակ է պետք համակցված, կոմպակտ խաղալու եւ միասնական՝ մեկ բռունցքի պես գործելու համար:
Թարմացված կազմով կարո՞ղ ենք պայքարել բարձր տեղերի համար:
Դեռ վաղ է խոսել բարձր տեղերի մասին: Մենք պետք է շարունակենք հաջող մրցելույթները, միավորներ վաստակենք: Այնուհետեւ լրջորեն կմտածենք մրցանակային տեղերի մասին:
Վերջին հանդիպումներում դու կրում ես «Արարատի» ավագի թեւկապը: Ի՞նչ է դա նշանակում քեզ համար:
«Արարատի» ավագ լինելը մեծ պատիվ է ինձ համար: Պետք է շատ աշխատեմ դաշտում եւ թիմակիցներիս տանեմ իմ հետեւից:
Դու արդեն 4 գոլ ես հեղինակել ընթացիկ առաջնությունում: Անցյալ մրցաշրջանում դու 11 գոլի հեղինակ էիր դարձել: Արդյո՞ք ցուցանիշդ բարելավելու նպատակ դրել ես քո առջեւ:
Կարեւոր չէ, թե ով է դառնում գոլի հեղինակ: Շատ ավելի կարեւոր է թիմի հաղթանակը: Սակայն ես հարձակվող եմ եւ գոլեր խփելն իմ անմիջական պարտականությունն է: Այնպես որ, ամեն ինչ կանեմ, որպեսզի հնարավորինս շատ գոլ հեղինակեմ եւ օգտակար լինեմ «Արարատին»:
Այսօրվա խաղում կարող էիր նաեւ հեթ-տրիկի հեղինակ դառնալ, սակայն նախընտրեցիր գնդակը փոխանցել թիմակցիդ:
Ես նախընտրում եմ թիմային ֆուտբոլը: Այո, այս անգամ գնդակը դարպասում չհայտնվեց, սակայն կարծում եմ, որ աստիճանաբար նմանատիպ գրոհները կկարողանանք հասցնել իրենց տրամաբանական ավարտին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.