Բեռնար Շալանդ. Այդքան հիմար չեմ, որ հենց այնպես փոխարինեմ Մխիթարյանին

22:11   7 սեպտեմբերի, 2014

Մխիթարյանը վնասվածք էր ստացել դարպասապահի հետ բախման պատճառով: Նա փոխարինում պահանջեց: Այսօր շատ լավ հանդես եկանք մի թիմի դեմ, որը խաղում է տիկի տակա:

Այս մասին Դանիա – Հայաստան (2:1) Եվրո-2016-ի ընտրական խաղից հետո ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ով խոսեց պարտության պատճառների մասին:

«Այսօր շատ լավ հանդես եկանք մի թիմի դեմ, որը խաղում է տիկի տակա: Մենք շատ կոմպակտ էինք խաղում նրանց դեմ: Մոտ մեկ ժամ մեր խաղը ստացվում էր: Առանց Մխիթարյանի խաղը փոխվեց: Մինչեւ դանիացիների առաջին գոլը մենք ունեինք մեծ հնարավորություններ: Մենք այս խաղում առանց առանցքային ֆուտբոլիստների էինք խաղում: Շնորհավորում եմ իմ թիմին ու դանիացիներին, մենք մեծ գործ կատարեցինք: Ֆիզիկական պատրաստվածության խնդիրներ չունեինք:

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ եւ ինքը խնդրեց փոփարինում: Ես այդքան հիմար չեմ, որ հենց այնպես փոխարինեմ նրան: Դեռ պարզ չէ նրա վնասվածքի լրջությունը: Հենրիխը բախվեց դարպասապահի հետ: Կարծում եմ՝ վնասվածքը լուրջ չէ:

Դանիացիների երկու փոփոխությունները լավ աշխատեցին: Կարծում եմ՝ մեր խնդիրն ավելի շատ գնդակը կորցնելու մեջ է: Երբ մրցակիցն անընդհատ հարձակվում է եւ դու կորցնում ես գնդակը, ապա մեկ անգամ նա հաստատ կհաջողացնի գոլ խփել»,- նշեց Շալանդը:

Հիշեցնենք, որ Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ երկրորդ խաղակեսում բացեց հաշիվը, սակայն այնուհետեւ բաց թողեց 2 գոլ: Դա շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդի առաջին պաշտոնական խաղն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Վերա Մարտիրոսյան՝ Կոպենհագենից



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.