ԱԱ-2014. Մեսիի գոլը, Արգենտինայի հաղթական մեկնարկը

03:51   16 հունիսի, 2014

Արգենտինայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությունում: F խմբի առաջին տուրի խաղում արգենտինացիները 2:1 հաշվով պարտության մատնեցին Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականին, որը նորամուտը նշեց աշխարհի առաջնությունում: ԱԱ-2014-ի 32 մասնակիցներից Բոսնիա-Հերցեգովինան միակ հավաքականն է, որը երբեք չէր խաղացել «Մունդիալում»:

Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած խաղի մեկնարկը հաջող էր Արգենտինայի թիմի համար, քանի որ երրորդ րոպեին գերմանական «Շալկեի» բոսնիացի պաշտպան Սեյադ Կոլաշինացը դարձավ ինքնագոլի հեղինակ: Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով: Արգենտինացիներն ունեին ոչ մեծ առավելություն, սակայն չէին կարողանում ստեղծել իրական գոլային պահեր, իսկ եվրոպացիները հաճախ էին գրոհում եւ ունեցան 2 վտանգավոր պահ, որոնք չօգտագործեցին:

Ընդմիջմանն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան խաղադաշտ դուրս բորեց նաեւ երրորդ հարձակվող Գոնսալո Իգուաինին, իսկ Լիոնել Մեսին նահանջեց ենթահարձակվողի դիրք, ինչից հետո հարավամերիկացիների գրոհները դարձան ավելի վտանգավոր ու բազմատիպ: Բոսնիացիները նույնպես չէին մոռանում գրոհելու մասին, սակայն 65-րդ րոպեին բաց թողեցին նաեւ երկրորդ գոլը: Արգենտինացիների առավելությունը գեղեցիկ հարվածով կրկնապատկեց Լիոնել Մեսին, ով այնքան էլ հաջող չէր գոծում մինչեւ այդ դրվագը: Բոսնիացիները շարունակում էին գրոհել, իսկ 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Վեդադ Իբիշեւիչի գոլի շնորհիվ նաեւ կրճատեցին հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չհաջողվեց:

F խմբում են ընդգրկված նաեւ Իրանի եւ Նիգերիայի հավաքականները, որոնք կհանդիպեն հունիսի 16-ին:

ԱԱ-2014, F խումբառաջին տուր

Արգենտինա – Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 2:1

Սեյադ Կոլաշինաց, 3 (ինքնագոլ), Լիոնել Մեսի, 65 – Վեդադ Իբիշեւիչ, 85 

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Հուգո Կամպանյարո (Ֆերնանդո Գագո, 46), Մարկոս Ռոխո, Ֆեդերիկո Ֆերնանդես, Խավյեր Մասկերանո, Անխել Դի Մարիա, Մաքսի Ռոդրիգես (Գոնսալո Իգուաին, 46), Լիոնել  Մեսի, Սերխիո Ագուերո (Լուկաս Բիլիա, 87):

Բոսնիա-Հերցեգովինա. Ասմիր Բեգովիչ, Էրմին Բիչակչիչ, Էմիր Սպահիչ, Սեյադ Կոլաշինաց, Մուհամեդ Բեշիչ, Մենսուր Մայուջա (Վեդադ Իբիշեւիչ, 69), Միրելեմ Պյանիչ, Զվեզդան Միսիմովիչ (Հարիս Մեդունյանին, 74), Սենադ Լուլիչ, Սեյադ Հայրովիչ (Էդին Վիսցա, 71), Էդին Ջեկո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։