Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին՝ դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն

20:45   5 ապրիլի, 2014

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն:

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգում 22-ամյա Ալեքսանյանը պայքարից դուրս էր եւ անցկացրած 5 գոտեմարտերում ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին: Եզրափակիչում աշխարհի փոխչեմպիոնը 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ: Առաջին մրցափուլում գյումրեցի ըմբիշը հաղթեց 2:0 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում վաստակեց եւս 3 միավոր՝ տանելով վստահ հաղթանակ: 

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից՝ պայքարից դուրս թողնելով ուկրաինացի (7:0), խորվաթ (8:0) գերմանացի (9:0) ու նորվեգացի (9:0) ըմբիշներին:

Ապրիլի 5-ին պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները մեդալներ չէին նվաճել: 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանն առաջին փուլում պարտվել էր ռուս Վասիլի Պարշինին, իսկ 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանն մեկնարկային գոտեմարտում հաղթել էր թուրք Յուքսել Աթաքանին, սակայն 1/8 եզրափակիչում պարտվել էր սլովակ Իշթվան Լեւային: 59 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում պարտվել էր բուլղարացի Ալեքսանդր Կոստանդինովին, ով դուրս էր եկել եզրափակիչ, իսկ հայ ըմբիշը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Առաջին սփոփիչ գոտեմարտում Կարեն Ասլանյանը պարտվել էր ֆին Յանի Հաապամակիին՝ լքելով պայքարը: Հայ ըմբիշն առջեւում էր 6։2 հաշվով, սակայն մրցավարները երեք նկատողություն տվեցին նրան՝ ժամանակից շուտ դադարեցնելով գոտեմարտը։ Այդ մենամարտից հետո հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր մրցավարների բացահայտ կողմնակալության մասին:

Այս հաղթանակով Արթուր Ալեքսանյանը շնորհավորեց օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանին, ով ապրիլի 5-ին նշում է ծննդյան 50-րդ տարեդարձը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։