19:53 7 մարտի, 2014Հնարավոր է՝ Աբրահամի թիմը կաշառել է մրցավարներին: Մենք չենք ընդունում արդյունքը եւ բողոքարկել ենք մրցավարների որոշումը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը, որը գոտին տանուլ տվեց Արթուր Աբրահամին:
Ռոբերտ, Արթուր Աբրահամի հետ մենամարտից անցել է վեց օր: Մենամարտից անմիջապես հետո Դուք հայտարարել էիք, որ համաձայն չեք մրցավարների որոշման հետ: Այժմ դիտելով մենամարտի տեսագրությունը՝ Դուք մնացե՞լ եք նույն կարծիքին:
Իմ կարծիքը չի փոխվել: Ես աշխարհի չեմպիոն եմ: Ես այդ մենամարտում չեմ պարտվել:
Այդ դեպքում, ինչի՞ հետ եք կապում մրցավարների որոշումը:
Չգիտեմ: Մենք ցանկանում ենք ամեն ինչ պարզել: Հնարավոր է, որ նրանք կաշառված են եղել: Մենք բողոքարկել ենք այդ որոշումը: Կարելի է դիտել տեսագրությունը: Այնտեղ ամեն ինչ երեւում է՝ թե ով է հաղթել, ով է պարտվել: Ուիլֆրիդ Զաուերլանդը եւ նրա թիմը Արթուրի պրոմոուտերներն են: Նրանք շատ հարուստ մարդիկ են եւ ունեն մեծ կապեր: Գուցե, նրանք կաշառել են որեւէ մեկին: Մենք ցանկանում ենք ամեն ինչ հետաքննել:
Ե՞րբ կլինի ձեր բողոքարկման պատասխանը:
Չգիտեմ: Ես իմ կյանքում երբեք այդպիսի հարցերի հետ գործ չեմ ունեցել: Կարծում եմ՝ դեռ պետք է սպասել:
Դուք շատ ակտիվ սկսեցիք մենամարտը, բայց վերջին ռաունդներում գցեցիք տեմպը, նույնիսկ, նոկդաուն եղավ: Դուք հոգնել՞ էիք, թե Արթուրը Ձեզ համար անսպասելի քայլերի դիմեց:
12-րդ ռաունդում ես գրեթե ուժասպառ էի եղել: Դա նոկդաուն չէր: Ուժերս սպառվում էին, եւ ես ծնկի իջա: Դա մարտավարական քայլ էր: Ես ցանկանում էի կարճ դադար վերցնել: Իսկ Արթուրը հարվածեց ինձ մրցավարի «ստոպ» հրամանից հետո: Նա հարվածեց ծոծրակիս: Դրանից հետո չորս օր ուժեղ գլխացավ եմ ունեցել: Ուորդի հետ Արթուրի վերջին մենամարտում Աբրահամին որակազրկեցին, բայց ես դրան ուշադրություն չէի դարձրել:
Նախատեսո՞ւմ եք չորրորդ մենամարտն Արթուր հետ:
Չգիտեմ: Տեսնենք, թե ինչ կլինի: Սպասենք մեր բողոքարկման պատասխանին: Դրանից հետո կորոշենք մեր անելիքը:
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.