Գագիկ Սարգսյան. Սլավիկ Սարգսյանը պարտավոր էր նոր դահուկները պատրաստել եւ փորձարկել

01:17   17 փետրվարի, 2014

ՀԱՕԿ-ը գնել է Սլավիկ Սարգսյանի ցույց տված, մասնագիտորեն խորհուրդ տված դահուկները: Սլավիկ Սարգսյանը ոչ մի քսուք չի գնել հայ օլիմպիականներից որեւէ մեկի համար: Գուցե ինչ-որ մեկի համար է գնել, ես տեղյակ չեմ, բայց Կատյա Գալստյանի դահուկների քսուքի համար իր գրպանից չի վճարել:

Այս մասին Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, ով Սոչիում գտնվող հայ օլիմպիականների կողքին է:

NEWS.am Sport-ի՝ փետրվարի 15-ի «Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ. Հրաչյա Ռոստոմյանն ինձ մեղադրում է մի բանում, ինչից ինքը չի հասկանում» հրապարակումը նոր զարգացումների առիթ է հանդիսացել:

Միջադեպից մեկ օր անց դահուկային սպորտի Հայաստանի ազգային հավաքականի ավագ մարզիչ Սլավիկ Սարգսյանը լքել է Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը եւ վերադարձել է Հայաստան: Ըստ հավաստի աղբյուրների՝ նա չի շարունակի մարզչական գործունեությունն ազգային հավաքականում:

Պարոն Սարգսյան, խնդրում եմ մեկնաբանեք, թե ինչ խմորումներ են հավաքականում:

Դահուկորդների մարզագույքն Օլիմպիական խաղերի համար գնել է ՀԱՕԿ-ը, ինչպես նաեւ մեր ֆեդերացիան: Սակայն, քանի որ խոսքը ՀԱՕԿ-ի տրամադրած մարզագույքի մասին է՝ նշեմ, որ մեզ համար գնվել է ամեն ինչ՝ մասնագիտական գույք, հանդերձանք, այդ թվում՝ քսուքներ: Ավելին ասեմ՝ ՀԱՕԿ-ը գնել է մեր դահուկորդների համար ամենալավը՝ առանց գնային սահմանափակում դնելու:

Իսկ Հայաստանի ավագ մարզիչը նշում է, որ նա քսուք է գնել Կատյա Գալստյանի հին դահուկների համար:

Ոչ, նա քսուք չի գնել: Չգիտեմ՝ ում համար է քսուք գնել: Եթե նույնիսկ որեւէ քսուք է գնել, հաջորդ օրը այս մարդիկ (խոսքը՝ ՀԱՕԿ-ի մասին է) վճարել են այդ քսուքների գումարը: Նույնիսկ վաճառողը իմ խնդրանքով նշել է, թե Սլավիկ Սարգսյանը որ քսուքներից է վերցրել: Իսկ Սլավիկի վերցրած քսուքները ոչ թե կոնկրետ Կատյայի համար են եղել, այլ ընդհանուր, բոլոր օլիմպիականների համար են, քանի որ այդ քսուքները թանկ հաճույք են: Բացի այդ, ինչպես կարելի է մի մարզիկի համար առանձին քսուք գնել, մյուս երեք մարզիկների համար՝ առանձին: Հիմա նա գնել է մեկ ուրիշի համար, չի գնել, իր գնած քսուքն է օգտագործել Կատյայի դահուկների վրա, թե ՀԱՕԿ-ի գնած քսուքը՝ դա արդեն իր խնդիրն է: Բայց դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե նա Կատյա Գալստյանի համար առանձին քսուք է գնել: Բացի ֆեդերացիայի ֆինանսավորումից, նաեւ ՀԱՕԿ-ի շնորհիվ Հայաստանի չորս օլիմպիականներն էլ այստեղ զինված են ամենալավ գույքով եւ հագնում են ամենալավ մարզահագուստը:  Նրանցից ոչ մեկը չի առանձնացվում ոչ ՀԱՕԿ-ի կողմից, ոչ ֆեդերացիայի կողմից:

Ըստ Սլավիկ Սարգսյանի՝ ՀԱՕԿ-ը դահուկները ուշ է գնել, այդ պատճառով նա չէր կարող իր մարզիկին ստիպել մեկնարկի դուրս գալ նոր դահուկներով: Ե՞րբ է գնվել Կատյա Գալստյանի համար նախատեսված դահուկներն ու քսուքները, որոնց մասին նշում է Սլավիկ Սարգսյանը:

Երբ իրենց, մարզիկներին պետք է եղել, մարզիչները գնացել, վերցրել են քսուքները, ՀԱՕԿ-ն էլ վճարել է հաջորդ օրը այդ գումարները տվյալ վաճառակետին: Ինչ վերաբերում է դահուկներին՝ նա մարզիչ է եւ լավ գիտի, որ յուրաքանչյուր նոր դահուկ պետք է պատրատել դահուկավազքի համար: Եվ նա որպես մարզիչ պարտավոր էր նոր դահուկները պատրաստել թեկուզ երկու օր առաջ եւ փորձարկել: Ու միայն համեմատությունից հետո եզրակացություն անել՝ կկարողանա այդ ամենալավ դահուկով հայ օլիմպիականը մեկնարկի դուրս գալ, թե ամեն դեպքում դեռ ժամանակ է պետք դրանք օգտագործելու համար: Իսկ նա չի էլ փորձարկել: Նա մարզիչ է եւ բոլորից լավ գիտի՝ «ֆիշերներն» են ավելի լավ Սոչիի պայմանների համար, թե մյուս՝ հին դահուկները: Չի կարելի չփորձարկելով ասել, որ ինձ տասը օր առաջ էր պետք այդ դահուկները, որ փորձարկեինք:

Ես չգիտեմ, իրականում՝ ինչ կա այս ամենի տակ, ես միայն ասում եմ այն, ինչ կա: Ես չգիտեմ Սլավիկ Սարգսյանի խնդիրը որնէ եւ չեմ կարող նրա փոխարեն մեկնաբանել:

Վստահ եմ, որ եթե դահուկները պատրաստվեին եւ փորձարկվեին եւ ղեկավարությանը մրցումից առաջ ասվեր, որ գիտեք ինչ, նոր դահուկները՝ «ֆիշերները», որ գնել եք, այս պահին ձյան վրա լավ չեն սահի, այլ լավ կսահեն հին դահուկները, այդ ժամանակ նոր ինչ-որ մեկնաբանություն հնարավոր կլիներ Սլավիկի արածին տալ: Բայց, նորից եմ կրկնում, չի կարելի դահուկներն առանց փորձարկելու, հայտարարել, թե դրանք իրենց չէին արդարացնի Սոչիի ձյան վրա:

ՀԱՕԿ-ի կողմից ամեն ինչ արվել է մեր մարզիկների բարեկեցության համար: Չի եղել մի խնդիր, որ դրվի ու չլուծվի ՀԱՕԿ-ի կողմից: Ես այստեղ եմ ու շահագրգռված եմ, որ մեր մարզիկները լավ գույքով, լավ մարզահագուստով հանդես գան: Նրանք մեր մարզիկներն են, բոլորիս մարզիկներն են: Ասեմ ավելին՝ Կատյա Գալստյանի համար գնված դահուկն ավելի թանկարժեք է, քան Սերգեյ Միքայելյանի կամ Արթուր Եղոյանի համար գնված դահուկները: Նույնիսկ գների հարցը չի քննարկվել ՀԱՕԿ-ում: Իսկ ՀԱՕԿ-ը գնել է Սլավիկ Սարգսյանի ցույց տված, մասնագիտորեն խորհուրդ տված դահուկները:

Փաստում եմ եւս մեկ անգամ, որ Սլավիկ Սարգսյանը չի օգտագործել, չի փորձարկել ՀԱՕԿ-ի գնած դահուկները եւ հին դահուկների համար էլ օգտագործել է մի քսուք, որի գումարը եւս վճարել է ՀԱՕԿ-ը:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։