NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Համառությամբ բացման հրավիրատոմս էլ կգտնվի (ֆոտո)

14:15   7 փետրվարի, 2014

Օլիմպիական Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանը շարունակում է Օլիմպիական բլոգը: Փետրվարի 7-ի գլխավոր ու միակ իրադարձությունը 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունն է, որի մեկնարկի ժամը խորհրդանշական է՝  20:14: Բացման հրավիրատոմս գտնելը հեշտ չի եղել: 

Այսօր արդեն տեղի կունենա այն խոշոր իրադարձությունը, որի մասին այդքան խոսում են, քննարկում, քննադատում, գովում… Մի քանի ժամից ամբողջ օլիմպիական քաղաքը կենտրոնացած կլինի «Ֆիշտ» ստադիոնում, որտեղ էլ տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը: Որոշ մանրամասներ փորձեցի պարզել ռուսական Առաջին ալիքի եթերում բացման արարողության մեկնաբան Կիրիլ Նաբուտովից, որը ներկա է եղել գլխավոր փորձին: Բայց գաղտնիքները նա չբացահայտեց:

Օլիմպիական մայրաքաղաքում կյանքը եռում է, առավոտյան ժամը 8-ից փողոցներում անցուդարձ է, բոլորը դուրսն են, վազքի մեջ, թե ուր են շտապում, իրենք էլ չգիտեն: Ես նույնպես շտապում եմ: Շտապում եմ ամեն ինչ տեսնել, բաց չթողնել, բոլորին նկատել ու լուսանկարել: Նախաճաշին բոլորը խոսում էին այսօր կայանալիք բացման մասին: Իհարկե բոլորին չեմ հասկանում, բայց «ցերեմոնիա» բառը բոլորի շուրթերին է:

Նախաճաշեցի եւ շտապեցի ավտոբուսների կայան, որտեղից օլիմպիական քաղաքի բոլոր ավտոբուսները օլիմպիականներին, լրագրողներին տանում են ցանկացած օլիմպիական կառույց: Այսօրվա ուղղությունս օլիմպիական գլխավոր մեդիակենտրոնն է: Ես նույնպես շտապում էի, քանի որ դեռ պետք է ձեռք բերեի իմ հրավիրատոմսը՝ այսօրվա բացման արարողությանը:

Դեռ երեկ բոլորն ինձ համոզում էին, որ լրագրողների համար հրավիրատոմսերը վերջացել են: Սոչիում Հայաստանից միակ հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանը եւս վստահ էր, որ այլեւս հնարավոր չի լինի ձեռք բերեել հրավիրատոմս: Իսկ հասնել օլիմպիական մայրաքաղաք ու չմասնակցել Օլիմպիական խաղերի բացման արարողությանը անթույլատրելի է, կարելի է ասել, ցավալի: Երեկ ամբողջ օրը կամավորներն ինձ ամեն գնով համոզում էին, ոչ չեմ կարողանալու ձեռք բերել այդ տոմսը:

Այսօր նպատակադրված քայլերս ուղղեցի դեպի գլխավոր մեդիակենտրոն, որտեղ կա Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից հավատարմագրված լրագրողներին տոմսերի տրամադրման կետ: ՄՕԿ-ի աշխատակցուհին բարեհամբույր սպասարկեց ինձ եւ հանձնեց այդ երկար սպասված տոմսը: 

Պարզվում է այստեղ աշխատող ոչ բոլոր կամավորները, օգնականները գիտեն՝ ինչպես ճիշտ աշխատել: Երեկ եւս նման մի քանի դեպքերի հանդիպեցի: Օրինակ՝ թե որտեղ են գտնվում մամուլի սրահները, ինչպես կարելի է հերթագրվել մամուլի ասուլիսներին քչերը գիտեն:

Պետք է հերթագրվեմ կարեւոր ասուլիսներին: ՄՕԿ-ի նստաշրջանն է այսօր ավարտվում: ՄՕԿ-ի նախագահ Տոմաս Բախն է ասուլիս անելու: Մոտեցա ռուս աշխատակցուհուն, ով գրանցում է լրագրողներին եւ խնդրեցի իմ անունն էլ ավելացնել կայանալիք կարեւոր ասուլիսներին: Նա ինձ երկար-բարակ բացատրեց, որ չի կարող, քանի որ մամուլի սրահի դահլիճում այլեւս նստելու տեղ չկա, բոլոր աթոռները զբաղված են: Դա եւս հասկանալի է: 10 հազարից ավելի լրագրող է աշխատում այստեղ: Շրջեցի մեդիակենտրոնով, որը 158 հազար քմ է եւ երկրորդ անգամ մոտեցա այդ նույն աղջկան: Նա փորձեց ինձ այս անգամ էլ մերժել: Հետաքրքրվեցի՝ իսկ պարտադիր է նստած լսեմ այդ ասուլիսները, գուցե ես ցանկանում եմ կանգնած աշխատել: Նա զարմացած հարցրեց՝ իսկ չեք հոգնի այդպես… Եվ վերցրեց իմ հավատարմագրման տվյալները:

Օտարազգի կամավորներ եւս կան, որոնք ոչ ռուսերեն գիտեն կարգին, ոչ անգլերեն: Օրինակ՝ մեդիակենտրոնի ռեսեփշնի աշխատակցուհին, մեծ դվժարությամբ մի քանի բառով բացատրեց, որ ինձ բացման տոմս չի հասնում, քանի որ ես անհատ լրագրող եմ: Եվ մեծ դժվարությամբ կարողացա ներկայացնել նրան, որ ես անհատ լրագրող չեմ, այլ ներկայացնում եմ մի ամբողջ  լրատվամիջոց՝ NEWS.am Sport: Ինչեւէ: Մենք կմասնակցենք բացման հանդիսավոր արարողությանը:

Մնաց մի քանի ժամ: Ասում են՝ սա լինելու է Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենադիտարժան եւ շքեղ բացումը: Հրաշքների սպասումով՝ ինչպես սիրում է նշել իմ գործընկեր Վերա Մարտիրոսյանը:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից (live). Կամավորներն ասես բոլորը հայ լինեն

Սոչի-2014. Օլիմպիական բլոգ, մեկնարկ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։