NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից (live). Կամավորներն ասես բոլորը հայ լինեն

17:30   6 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանը Սոչիից շարունակում է իր օլիմպիական բլոգը: Փետրվարի 7-ին, 20:14-ին տեղի կունենա 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Մինչեւ փետրվարի 24-ը NEWS.am Sport-ը պարբերաբար կներկայացնի Սոչիի օլիմպիական անցուդարձը, մրցումներից դուրս տեղի ունեցող իրադարձությունները, մթնոլորտը:

Ահա եւ ձմեռային օլիմպիական մայրաքաղաքը, մերձարեւադարձային Սոչին: Հայաստանի -10 ցրտից հետո, վերջապես արեւ, տաք եղանակ, գարնան շունչ: Սոչին մեզ դիմավորեց արեւոտ տրամադրությամբ ու տաք եղանակով: Այստեղ +3 աստիճան ջերմություն է, գարուն, բարձր տրամադրություն: Ամենուրեք մարզիկներ են, մարզիչներ, լրագրողներ, ամենուր լսվում  են զրույցներ Օլիմպիական խաղերի մասին, հիացմունքով հայացքներ ու բարի ժպիտով սոչինցիներ, «Sochi 2014» գրառումով սպորտային հագուստներով կամավորներ, ովքեր ամեն րոպե՝ սկսած օդանավակայանից մոտենում են քեզ ու հարցնում, թե ինչով կարող են օգնել:

Հայաստանից Սոչի էին մեկնում ընդամենը 30 ուղեւորներ, այդ մասին ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը կատակով ակնարկեց, երբ հետաքրքրվեցի, թե որն է իմ տեղը: Ազատ տեղերը շատ էին: Ինձ հետ Սոչի ժամանեց նաեւ դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Դեռ չէի տեղավորվել ինքնաթիռում, երբ ինձ մոտեցան երկու երեւանցիներ եւ հետաքրքրվեցին, թե արդյոք ես էլ եմ մեկնում Սոչիի խաղերին: Հավանաբար մարզահագուստիցս էին կռահել: Նրանք պատմեցին, որ իրենք էլ են մեկնում Սոչի, բացման արարողությանը ներկա լինելու համար: Հետաքրքրվեցի, թե որքան է արժեցել նրանց մեկ տոմսը: Տղաներից մեկի փոխանցմամբ Մոսկվայից գնած տոմսի համար վճարել են 380 հազար դրամ:

Զրույցի բռնված չնկատեցի էլ, ինչպես անցավ մեկ ժամն ինքնաթիռում եւ հայտարարվեց մոտալուտ վայրէջքի մասին: Պատուհանիցս երեւաց ամբողջ օլիմպիական Սոչին իր հմայքով՝ սպորտային ահեղ կառույցները, օլիմպիական ավանը, օլիմպիական այգին, հյուրանոցային համալիրները, ճանապարհները:

Արդեն Սոչիի օդանավակայանում բարետես եւ լայն ժպիտներով ռուս աշխատակցուհիները հերթականությամբ ինձ բարի օր մաղթելով ուղեկցեցին դուրս: Անցումային կետի աշխատակցուհին այնքան ուրախացավ, երբ իմացավ՝ թղթակից եմ Հայաստանից եւ որ մինչեւ վերջ մնալու եմ եւ լուսաբանեմ Օլիմպիական խաղերը:

Անկախ ինձանից տրամադրությունս բարձրացավ օդանավակայանից սկսված: Այստեղ բոլորը ժպտում են, բոլորն ուրախ են, իսկական տոնական տրամադրություն է: Այնպիսի տպավորություն է, ասես՝ հյուր ես եկել մեկի «տուն», ում դու շատ հարազատ ես եւ «նա» անչափ ուրախ է տեսնել քեզ իր տանը:

Չեմ հասցնում աչքս թարթել, կամավորները ամեն կողմից հայտնվում են եւ օգնություն առաջարկում: Ու ամենահետաքրքիրը այն է, որ կամավորներն ասես բոլորը հայ լինեն (կատակ է). հայերեն են խոսում: Բայց պարզվում է՝ իսկապես մեծ մասը հայեր են՝ տեղացի հայերն են:

Օդանավակայանում մի ամբողջ բաժին օլիմպիական հավատարմագրման կետն է. բոլորը կրկին ժպիտով եւ կրկին դրական էմոցիաներով:

Այստեղ բոլորի տրամադրությունն այնքան բարձր է, որ անգամ վրացի լրագրողներից մեկ՝ Տենգիզ Պաչկորիան  (հետո արդեն ծանոթացանք) ականջներից ուրախությունից տոնածառի խաղալիքներ էր կախել: Մոտեցա նրան, հարցեցի, ինչու հենց տոնածառի խաղալիք: Ասաց՝ այդքան ուրախ եմ:

Ժամանակն է այս ամենը համակարգիչին հանձնել եւ պատմել, թե ինչպես է Սոչին աշխարհին «տեղավորել» իր փոքրիկ քաղաքում: Լրագրողների համար նախատեսված ավտոբուսը նստեցի ու ճանապարհվեցի իմ հյուրանոց, որը գտնվում է «Ալեքսանդրովսի պարկում»: Ամեն կանգառում ավտոբուսի վարորդը կանգնում էր, իսկ ես զգաստանում, որ իջնեմ: Իսկ իրականում դեռ երկար պետք է շրջեի քաղաքով՝ մինչեւ հյուրանոց հասնելը:

Վարորդի անունը Սերգեյ էր: Նա կիրթ, բարեհամբույր, համբերատար եւ բավական կոկիկ տեսքով վարորդ էր, իմ ճանաչած եւ տեսած վարորդներից շատ տարբեր: Ամբողջ ճանապարհին նա ինձ պատմեց, թե որքան գեղեցիկ է Սոչին, հատկապես գիշերը: Նա ինձ ցուցադրեց բոլոր օլիմպիական տները, որոնցից ամենամեծը Ռուսաստանի տունն է, շրջեց բոլոր հյուրանոցների բակերով, ինձ ներկայացրեց ինչ է կատարվել Սոչիում վերջին չորս տարիների ընթացքում: Եվ մոտ մեկ ժամ տեւողությամբ էքսկուրսիայից հետո ասաց՝ ես այդպես էլ հասկացա, որ դուք Հայաստանից եք, ցտեսություն:

Լուսինե Շահբազյան, օլիմպիական Սոչի

Սոչի-2014. Օլիմպիական բլոգ, մեկնարկ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։