17:14 12 նոյեմբերի, 2013Ես կանխազգում էի Վախթանգի պարտությունը: Կարծում եմ` Վիկ Դարչինյանի նոր մարզիչին պետք է մարզիկի հոգեբանությունն իմանալ եւ փորձառություն ունենալ: Մարզիչ լինելը այն չէ, որ ձեռնաթաթերը պահես եւ ասես՝ աջ հարվածի, ձախ հարվածի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վիկ Դարչինյանի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը` մեկնաբանելով նոյեմբերի 9-ին ԱՄՆ Տեխաս նահանգում ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ մենամարտում Վիկ Դարչինյանի կրած պարտությունը:
Պարոն Բադալյան, Դուք վերջին շրջանում պարբերաբար Վիկ Դարչինյանին խորհուրդ էիք տալիս լքել ռինգը: Նա պարտվեց ռեւանշ մենամարտում: Որպես նրա արդեն նախկին անձնական մարզիչ ինչպես ընդունեցիք նրա պարտությունը:
Ես արդեն շուրջ մեկ ու կես տարի է խոսում եմ, խորհուրդ եմ տալիս, որ Վիկ Դարչինյանը դադարեցնի իր մենամարտերը: Այդ խորհուրդը ես մինչ օրս գիտակցումով եմ արել, հասկանալով, որ նրա տարիքն այլեւս թույլ չի տալիս ռինգ դուրս գալ լիարժեք հաղթանակի հույսով: Վիկ Դարչինյանը բռնցքամարտում պրոֆեսիոնալ է եւ չկա մի տիտղոս, որ նա նվաճած չլինի: Եթե նա այժմ իր համար է մենամարտում` իր տրամադրության, իր հավեսի, բիզնեսի, ինչ-որ տեղ հասկանալի է եւ ընդունելի: Բայց եթե տիտղոսի մենամարտ է եւ ռինգ է դուրս գալիս տիտղոս նվաճելու, կարծում եմ, որ այդ տարիքում դա այդքան էլ ճիշտ չէ նման ռիսկի գնալը:
Բոլոր մարզիչները իրենց մարզիկներին միշտ դրդում են մենամարտերի, նույնիսկ պահանջում, որ իրենց մարզիկները դուրս գան ռինգ մեծամասամբ իրենց անվան համար, եւ նույնիսկ հոգ չէ, որ մարզիկները պարտվեն: Բայց ես նման հարաբերության մեջ չեմ եղել Վախթանգի հետ: Նա դեռ ուզում է շարունակել բռնցքամարտը, թող շարունակի: Բայց ես կողմ չեմ դրան եւ չեմ գտնում, որ դա նրան անհրաժեշտ է:
Ես արդեն նրա մենամարտերին չեմ գնում, չեմ մասնակցում: Մեկ անգամ նա Ճապոնիայում մենամատ ունեցավ, ինձ չհրավիրեց. դրանից հետո ես նրա մենամարտերին չեմ գնում: Այնպես ինչպես այս` Դոների հետ մենամարտին չմեկնեցի:
Ինչպե՞ս կմեկնաբանեք այս մենամարտը: Ինչո՞ւ Վիկ Դարչինյանը չկարողացավ հաջողությամբ ավարտել ռեւանշ մենամարտը:
Վիկն այժմ ունի նոր անձնական մարզիչ, երիտասարդ տղա է: Չգիտեմ, մարզումների ժամանակ ինչպես են աշխատել, բայց նա չկարողացավ իրենց առջեւ դրված խնդիրը լուծել: Չեմ թերագնահատում այդ տղային, բայց նրա այդ այդ բացթողումը բերեց նրան, որ Վիկը չկարողացավ հաջողությամբ ավարտել ռեւանշը: Վիկը մենամարտը սկսեց շատ լավ, զգացվեց նրա տրամադրությունն ու տրամադրվածությունը: Նա շատ ճիշտ էր տանում մենամարտը սկզբի ռաունդներում: Բայց տակտիկական առումով աստիճանաբար Վիկի արագությունն ու ուշիմությունն ընկավ: Իսկ պետք է հակառակը լիներ: Այստեղ ավելի լուրջ վերաբերմունք էր պետք: Իսկ Վախթանգը, կորցնելով իր ուշիմությունը, սկսեց կռիվ սարքել, ինչն իրեն պետք չէր: Երբ նա կորցրեց իր ակտիվությունը, նախաձեռնությունն զիջեց հակառակորդին: Ինչի հաշվին հակառակորդը ակտիվացավ: Այն տակտիկան, որ ընտրել էին վերջին փուլում, շատ սխալ էր: Ռինգի անկյունում կանգնող մարզիչները պետք է կարողանային Վիկին հուշել գոնե այլ տակտիկայով աշխատեր: Նորից եմ ասում, որ չեմ թերագնահատում այդ նոր մարզիչին: Ուղղակի այդ մարզիչը չի ճանաչում Վախթանգին, չգիտի նրա հոգեբանությունը: Իսկ դա շատ կարեւոր է: Նա պետք է հասկանար` ինչու է Վիկը կռվի մեջ մտել վերջին ռաունդներում, ինչը նրան գցեց լարվածության մեջ եւ այլ տակտիկական հնարք առաջարկեր: Կարծում եմ այդ նոր մարզիչին պետք է, որ իրեն ուղղակի ճանաչեն: Պետք է մարզիկի հոգեբանությունն իմանալ եւ փորձառություն ունենալ: Մարզիչ լինելը այն չէ, որ ձեռնաթաթերը պահես եւ ասես՝ աջ հարվածի, ձախ հարվածի:
Դուք կանխազգո՞ւմ էիք Վիկի պարտությունը:
Այո, ես կանխազգում էի: Ավելի շատ կանխազգում էի, որ պարտվելու է, քան պարտության մատնելու Դոներին: Զգում էի, որ այս մենամարտում նա պարտվելու է: Նա ունակ էր հաղթելու, ցանկություն ուներ հաղթելու, միայն պետք էր ճիշտ ուղղորդել եւ ճիշտ տակտիկա մշակել: Վիկը մարտնչող տղա է, մարտիկ է: Ափսոս, որոշակի թերությունների պատճառով պարտվեց:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.