Վալերի Ալեքսանյան. Այդպիսի վերաբերմունքից հետո չէի կարող մնալ «Ռահ Ահանում»

17:07   6 նոյեմբերի, 2013

Հայրս մահացել է, իսկ «Ռահ Ահանը» չի ցանկանում վերադարձնել անձնագիրս, որպեսզի մեկնեմ Հայաստան եւ ներկա լինեմ հուղարկավորության արարողությանը: Այդքանից հետո չեմ կարող մնալ այս ակումբում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանը, ով պատմեց իրանական «Ռահ Ահանի» հետ պայմանագիրը խզելու մասին:

«Մենք երկկողմանի փոխհամաձայնությամբ ենք խզել պայմանագիրը, սակայն դա եղել է մեր միջեւ ծագած վեճի պատճառով: Ես եմ ցանկացել հեռանալ թիմից: Հայրս մահացել է, իսկ նրանք անձնագրի հետ կապված խնդիրներ են առաջ քաշում՝ նշելով, որ այժմ աշխատանքային վիզաս կիսատ է եւ Հայաստան մեկնելու դեպքում այն չեղյալ կհայտարարվի: Դա զայրացրեց ինձ, քանի որ պարտադիր պետք է մեկնեմ Հայաստան:

Արդեն լիովին ապաքինվել եմ ծնկի վնասվածքից: 2 օր առաջ մարզիչը զրուցեց ինձ հետ՝ նշելով, որ պետք է փոխարինեմ թիմից հեռացող Մարկոսին եւ հանդես գամ հենակետային կիսապաշտպանի դիրքում: Նա ասաց, որ մեծ հույսեր է կապում ինձ հետ, իսկ ես համաձայնվեցի: Հորս մահվանից հետո ես խնդրեցի վերադարձնել անձնագիրս, որպեսզի մեկնեմ Հայաստան: Ես 3 օր ժամանակ տվեցի նրանց, սակայն նրանք ձգձգում էին: Այդքանից հետո չեմ կարող մնալ այդ ակումբում: Այժմ Իրանում եմ եւ սպասում եմ անձնագրիս՝ Հայաստան վերադառնալու համար»,- զրույցում հայտնեց Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Վալերի Ալեքսանյանը 2013-ի ամռանը մեկ տարվա պայմանագիր էր կնքել «Ռահ Ահանի» հետ: Մինչեւ այդ նա խաղում էր իրանական «Սանաթ Նավթում»: Հայաստանի հավաքականի կազմում Ալեքսանյանը մասնակցել է 27 խաղի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։