ՀԳՖ նախագահ. Հայաստանը հավանաբար մասնակից չի ունենա Եվրոպայի առաջնությունում

18:22   10 հունվարի, 2013

«Հայաստանը հավանաբար մասնակից չի ունենա գեղասհքի Եվրոպայի առաջնությունում, որը մեկնարկում է հունվարի 21-ին Խորվաթիայում: Ֆեդերացիայի նախկին նախագահի մահվան պատճառով Սլավիկ Հայրապետյանը բաց է թողել մի քանի մրցաշարեր եւ չունի մասնակցության համար բավարար միավորներ»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

Տիկին Ստեփանյան, ի՞նչ զարգացում ունի գեղասահքը Հայաստանում:

Զարգացում միանշանակ կունենանք, եթե ունենանք սահադաշտ: Շատ լավ երեխաներ ունենք, պոտենցիալ մարզիկներ, չեմպիոններ, բայց նրանք մարզվելու, իրենց մարզավիճակը պահպանելու հնարավորություն չունեն, քանի որ սահադաշտ չկա: Մեր խնդիրը սահադաշտն է: Եթե թեկուզ տարվա մեջ 9 ամիս գործեն եղած սահադաշտերը` մենք շատ լավ արդյունքներ կունենանք: Բայց մեզ մոտ մի երեք-չորս ամիս են սահադաշտերը գործում: Այն էլ` բոլորը սեփականություն են եւ մարդկանց չես կարող ոչինչ պարտադրել: Աշխարհում սահադաշտերը գեղասահքի համար ընդունված է բաց պահել 10-11 ամիս: Իսկ քանի որ մենք այդ հնարավորությունը չունենք, մեր մարզիկներն ու մարզուհիները ժամանակի կորստի պատճառով խեղճանում են, չեն մարզվում: Նրանք մարզվում են մրցում գնալուց երկու օր առաջ, եթե տեղ լինում է: Իսկ աշխարհում ընդունված է մարզվել նախքան մրցումը, եւ մրցումին նախորդող երկու օրը հանգստանալ: Մեր գեղասահորդները լավ մարզվում են միայն մարզադահլիճներում, հատակի վրա: Իսկ յուրացրածը սառույցի վրա կիրառելու հնարավորությանը սպասում են տարվա այս մի քանի ամիսներին:

Իսկ տարվա մեջ քանի՞ ամիս եք մարզվելու հնարավորություն ունենում եւ ի՞նչ արդյունքի համար է դա բավարարում:

Չորս ամիս: Այս ամիսներին եւ Կարապի լճում ենք մարզվում, եւ Համալիրի սահադաշտում: Ճիշտ է` քիչ է այդ չորս ամիսը, բայց դե մեր հնարավորություններն էլ այսքան է, պետք է համբերենք այնքան, մինչեւ` նպատակներ կան սեփական սահադաշտ ստեղծել: Ֆեդերացիան պետք է ունենա իր սահադաշտը, որպեսզի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, միջազգային մրցաշարերին մասնակցելու որեւէ խոչընդոտ չլինի:

Քանի՞ պոտենցիալ մարզիկ ունենք այս պահին միջազգային մրցումներին ներկայացնելու համար:

Ունենք նման գեղասահորդներ. 2-3 երեխա ունենք: Այդ 2-3 երեխաները պատրաստ են բոլոր մրցումներին մասնակցելու համար թե իրենց մարզավիճակներով, թե հոգեբանորեն: Նույնիսկ սահադաշտի բացակայությունը նրանց մարզավիճակին չի խանգարում: Ունենք նաեւ Մոսկվայում բնակվող երկու մարզուհիներ, որոնք չնայած Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, բայց մենք ծրագրեր ունենք` Հայաստանի հավաքականում նրանց ընդգրկելուն: Այդ երկու մարզուհիներին պետք է Հայաստանի քաղաքացիություն տանք, որպեսզի նրանք հնարավորություն ունենան Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ:

Ունենք Հայրապետյան եղբայրներ: Մեր առաջատարներից է  Սլավիկ Հայրապետյանը:

 Առջեւում Եվրոպայի առաջնությունն է: Ո՞վ կներկայացնի Հայաստանը այս առաջնությունում:

Եվրոպայի առաջնությանը, Հայաստանը երեւի ներկայացուցիչ չունենա: Քանի որ կյանքից հեռացավ ֆեդերացիայի նախկին նախագահը, մեր լավագույն մարզիկը` Սլավիկ Հայրապետյանը բաց թողեց մի քանի միջազգային, վարկանիշային մրցաշարեր եւ չունի բավարար միավորներ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Ճիշտ է` շատ քիչ միավորներ են նրան պակասում, բաըց այդ միավորները ձեռք բերելու համար նա այս մի քանի օրերի ընթացքում պետք է մասնակցի մրցաշարի, գոնե մեկ մրցաշարի:

Եթե չկարողանանք մասնակցել Եվրոպայի առաջնությանը` հոգ չէ, փետրվարին Սլավիկին կնախապատրաստենք աշխարհի առաջնությանը: Նա լավ մարզավիճակում է, մարզվում է Մոսկվայում:

Ես որպես ֆեդերացիայի նախագահ, ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր մարզիկներն այլեւս մրցաշարեր բաց չթողնեն:

Տիկին Մելանյա, դուք որպես ֆեդերացիայի նոր նախագահ, ի՞նչ անելիքներ եք տեսնում գեղասահքում:

Հայաստանում սահադաշտ ստեղծել: Որպեսզի այն լինի ֆեդերացիայինը եւ բացի ֆիզպատրաստությունից, մեր երեխաները հնարավորություն ունենան նաեւ սովորածները սառույցի վրա կիրառել: Չեմ դժգոհում, այս ամիսներին մեզ շատ է աջակցում մարզահամերգային համալիրը, սակայն սա մշտական չէ: Չենք կարող տարվա բոլոր ամիսներին մարզվել: Նույնիսկ այս ամիսներին, երբ համերգներ են կազմակերպվում, բոլոր ագրեգատները անջատվում են, սառցադաշտը հանվում է: Դա արդեն դադար է: Գեղասահքն այն մարզաձեւերից է, որ մեկ շաբաթ երեխաները չմարզվեն, չեն կարող հեշտությամբ վերականգնել մարզավիճակը: Օրինակ`Սլավիկ Հայրապետյանի անձնական մարզիչը` նրա հայրը, վերջերս հանդիպեց ինձ, ես չթաքցրեց, որ տղաները թուլացել են: Նա խոստովանեց, որ մեկ ամիս չեն մարզվել տղաները: Այնպես որ գեղասահորդը պետք է առանց դադարի մարզվի:

Բացի սահադաշտի խնդրից, ֆինանսավորման խնդիր ունե՞ք:

Նախարարությունը մեզ ֆինանսավորում է, ֆինանսավորվում են մեր լավագույն մարզիկները: Ֆինանսի խնդիր չունենք: Եթե նույնիսկ միջազգային մրցաշարերին մեկնելու խնդիր է առաջանում, հովանավորներ միշտ գտնվում են:

Դուք նոր եք ընտրվել ֆեդերացիայի նախագահ: Ի՞նչ ժառանգություն է թողել ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Խաչատրյանը:

Մեծ ժառանգություն: Այն ինչ հիմա ունենք, նրա շնորհիվ է եղել: Պատասխանատու է ֆեդերացիայի նախագահ լինելը, բայց ինքս փորձում եմ անել հնարավորը Սամվել Խաչատրյանի ժառանգությունը պահպանելու եւ էլ ավելի զարգացնելու, ինչպես նաեւ նրա անունը բարձր պահելու համար հայկական գեղասահքում: Այս պահին մեր գերնպատակն է Սոչի-2014-ում մասնակից, ինչպես նաեւ լավ արդյունքներ ունենալ: Իսկ մինչեւ այդ, մինչեւ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները, Հայաստանում կանցկացնենք երկրի առաջնություն, որը կլինի շատ կարեւոր մի մարդու անունով: Դա դեռ գաղտնիք է, չեմ ցանկանում բացահայտել: Միայն կասեմ, որ Հայաստանն ունի շատ լավ մի գեղասահորդ, ում ամբողջ աշխարհն է ճանաչում, բայց ոչ Հայաստանում: Հայաստանի առաջնությունը կլինի նրա անունով, որպեսզի Հայաստանն էլ նրան ճանաչի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։