10:54  ,  2 հունիսի, 2012

Հայաստանը երբեւիցե չի ունեցել այնպիսի գեղասահորդներ, ինչպիսին ունի հիմա. հարցազրույց

Չնայած սահադաշտ չունենք, բայց գեղասահքը արագ տեմպերով զարգանում է, եւ զարմանալի չի լինի, եթե պատանի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը  2013թ. մարտին կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությունում նվաճի չեմպիոնի տիտղոսը, ասում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

Թե ինչպես են կարողանում մարզաձեւի ջատագովները զարգացել գեղասահքը առանց անհրաժեշտ պայմանների առկայության Սամվել Խաչատրյանը բացահայտեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Պարոն Խաչատրյան, համաշխարհային գեղասահքում արդեն  պարբերաբար հնչում են հայ երիտասարդների, պատանիների անուններ, խոսվում է նրանց հաղթանակների մասին:  Ո՞րն է հաջողության գրավականը:

Ֆեդերացիան ստեղծվել է 1995 թվականին: Մենք մինչ օրս մասնակցել ենք գեղասահքի միջազգային ֆեդերացիայի բոլոր պաշտոնական մրցումներին` Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, աշխարհի պատանեկան առաջնություններ: 1998 թվականից սկսած մասնակցել եք չորս Օլիմպիական խաղերի, ինչը նշանակում է հաղթել Եվրոպայում գեղասահք ունեցող երկրներից առնվազն 70 տոկոսին: Մեր մարզիկներն աշխարհի առաջնություններում մշտապես գրավել են մինչեւ 16-րդ տեղը: Վարկանիշային մրցումներում` մրցանակային տեղեր`1-ին,   2-րդ, մեկ անգամ էլ`  5-րդ: Չնայած մեր սուղ պայմաններին, կամ պայմանների բացարձակ բացակայությանը, մենք ոչ մի օր կանգ չենք առել. մարզումներ, հավաքներ, մրցումների մասնակցություններ եւ հաղթանակներ: Մեր պատանիներն ու երիտասարդները շատ զարգացան այս կարճ ժամանակահատվածում: Ոլորտում արդեն կան կայացած գեղասահորդներ:

ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Սլովակիա, Ավստրալիա, Ճապոնիա, Չինաստան… Սրանք այն երկրներն են, որոնք ունեն հազարավոր սահադաշտեր եւ միլիոնավոր մարզիկներ: Փոքրիկ Հայաստանի համար սխրագործություն է նրանց հետլինել մրցակից:

Սահադաշտերի պակասի խնդիրը ինչպե՞ս եք լրացնում:

Այսօր ոչ մի սահադաշտ չունենք: Միջազգային ստանդարտներին համապատասխանող միակ սահադաշտը Մարզահամերգային համալիրի սահադաշտն էր, այն էլ չի աշխատում արդեն մի քանի ամիս: Համալիրի երեք ագրեգատներն այրվել են: Վերջին մարզումներն այնտեղ անցկացրել ենք դեկտեմբերին:

Քանի՞ տարվա պատմություն ունի գեղասահքը Հայաստանում:

Հայաստանում գեղասահքը մուտք է գործել 1971 թվականից: Այդ ժամանակ մի խումբ սիրահարների նախաձեռնությամբ հեծանվային սպորտի մարզադպրոցին կից հիմնվեց գեղասահքի մարզադպրոցը: 1972 թվականին քանի որ մարզադպրոցը պահանջվող միջազգային ստանդարտների կեսն էր, ինչի պատճառով գրեթե անհնար է զույգեր պատրաստել, հեծանվասպորտի եւ գեղասահքի մարզադպրոցը տրոհվեց եւ սկսեցին գործել որպես առանձին միավորներ: Իսկ սահադաշտ Հայաստանում սկսել է գործել 1975 թվականից: Ունեցել ենք Գուրգեն Վարդանյան` ԽՍՀՄ մեծահասակների եռակի գավաթակիր, Սահակ Մխիթարյանը՝ ԽՍՀՄ պատանիների չեմպիոն, նաեւ Սոֆիկ Աբրահամյան, Մելանյա Ստեփանյան, Աշխեն Բարսեղյան, Սամվել Հայրապետյան:

Իսկ ինչպե՞ս կգնահատեք գեղասահքի ներկան:

Այսօր գեղասահքը բարձրունքի վրա է Հայաստանում: Երբեւիցե չենք ունեցել այնպիսի մարզիկներ, ինչպիսին ունենք հիմա: Ունենք Հայրապետյան եղբայրներ, որոնք այս տարի եւ, ընդհանրապես, վերջին չորս տարիներին հրաշքներ գործեցին: 15-ամյա Սլավիկ Հայրապետյանը կարողացավ մտնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Նա 10-րդն էր, Պլյուշչենկոն` առաջինը… Դրանից հետո կարողացավ աշխարհի պատանիների առաջնության եզրափակիչ փուլ մտնել: Իսկ արդեն աշխարհի մեծահասակների առաջնությանը մեր պատանին ուղղակի ցնցեց բոլորին:

Բացի Հայրապետյան եղբայրներից, էլ ովքե՞ր են մեր հույսերը:

Մարտա Գրիգորյանը, որը միջին տեղում է այսօրվա վիճակով: Մեր հույսն է Անժելա Մկրտչյանը: Եվս մի քանի մարզիկներ կան, որոնք մեծ հաջողություններ են գրանցել արդեն: Գեղասահորդ տղաներից մեկը դարձել է Գերմանիայի բաց առաջնության չեմպիոն, մեկ այլ գեղասահորդուհի 8-րդ տեղ է գրավել:

Որտե՞ղ են անցկացվում հավաքականի մարզումները:

Հավաքական թիմը մարզվում է Մոկսվայում: Ֆեդերացիայի նախաձեռնությամբ հավաքականը մարզումներն անցկացնում է նաեւ Ռիգայում, որի հետ մենք կնքել ենք պայմանագիր: Ըստ պայմանագրի մեր մարզիչները նրանց մարզիկների հետ անվճար մարզումներ են անցկացնում, որի դիմաց մեր հավաքական թիմն անվճար մարզվում է Ռիգայի սահադաշտերում: Այս պահին հավաքական թիմը Ռիգայից մեկնել է Մոսկվա: Այստեղ նրանք մեկ շաբաթ կմարզվեն եւ արդեն հունիսի 2-ին կվերադառնան Երեւան: Այստեղից նրանք կմեկնեն Ծաղկաձոր` ֆիզիկական պատրաստության, որից հետո կրկին կմեկնեն Մոկսվա եւ կնախապատրաստվեն օգոստոսին կայանալիք աշխարհի գավաթի մրցումներին:

Դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ԱՄՆ-ի ու Կանադայի  մի խումբ ներդրողներ ցանկություն են հայտնել Հայաստանում կառուցել մարզաբազա`  երկրում ձմեռային սպորտի զարգացման համար, ինչը հնարավորություն կտա Հայաստանի գեղասահորդներին մարզվել մեր երկրում եւ հատուկ չմեկնել Մոսկվա կամ Ռիգա հավաքներ անցկացնելու համար: Ո՞ր փուլում է այդ ծրագիրը, թե՞ դա միայն ցանկություն էր:

Սահադաշտ կառուցելը հեշտ բան չէ: Դա ոչ ֆուտբոլի դաշտ է, ոչ ըմբշամարտի դահլիճ, ոչ էլ` լողավազան: Սահադաշտ կառուցել նշանակում է ծախսել 5-10 միլիոն դոլար: Ընդհանրապես, մարզաբազաների կառուցումը պետության սուրբ գործն է: Բայց այս պարագայում նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել բարերարներ, որոնց գտել է ֆեդերացիան: Շուտով մեզ համար Երեւանում կկառուցվի սահադաշտ` բոլոր հարմարություններով:

Ի՞նչ վիճակում են մարզադպրոցները: Շենգավիթ համայնքի գեղասահքի դպրոցի սահադաշտը գործո՞ւմ է:

Շենգավիթի գեղասահքի դպորցը գործում է, բայց սահադաշտը չի գործում: Չորս տարի է` ես այդ դպորցի տնօրինությունից դուրս եմ եկել: Ինչպես թողել եմ դպրոցը, այդպես էլ մնացել: Ոչինչ չի արվում սահադաշտը վերակառուցելու համար: Ես չեմ ուզում չարախոսել, որովհետեւ ես սիրում եմ բոլոր մարզիչներին, որովհետեւ նրանք իմ սաներն են: Դպրոցն այժմ գտնվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ: Սա նշանակում է, որ քաղաքապետարանի խնդիրն է` սահադաշտը կառուցելը: Նախկին քաղաքապետերը մի քանի անգամ խոստացել են սահադաշտը կառուցել եւ որ անպայմանն սահադաշտը կաշխատի, բայց այդպես էլ մնացել է: Իսկ գործող քաղաքապետն ընդհանրապես չի անդրադարձել մարզադպրոցին:

Պետության կողմից աջակցություն ունե՞ք:

Պետբյուջեից ստանում ենք 5 միլիոն դրամ, որը կազմում է մեր մեկ միջազգային մրցումի մասնակցության ծախսը: Մենք կարողանում ենք գտնել հովանավորների: Միայն անցյալ տարի Սլավիկ Հայրապետյանը 10 մրցումների է մասնակցել: Իսկ պետության հատկացրած գումարը բավականացրել է միայն երկուսին: Օգնության կարիք շատ ունենք: Եթե ունենայինք միջազգային ստանդարտներին համապատասխան մարզաբազա, որն ունենար մի քանի սահադաշտ, այդ ժամանակ կանցկացնեինք շոուծրագրեր եւ գումարներ ձեռք կբերեինք, իսկ  հասույթը կներդնեինք մրցաշարերի վրա: Առայժմ չունենք այդ մարզաբազան: Բավարարվում ենք միայն մեր հովանավորների եւ պետության աջակցությամբ: Մեզ աջակցել է նաեւ ՀԱՕԿ-ը, մասնավորապես, Օլիմպիական խաղերի ժամանակ ՀԱՕԿ-ը մշտապես մեր կողքին է: Երկու տարի առաջ էլ Գագիկ Ծառուկյանը մեզ նվիրեց 3 միլիոն դրամ:

Առջեւում 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերն են: Հայաստանը ներկայացուցիչ կունենա՞: 

Զուգախաղերում հավակնորդ չունենք այս պահին: Այսինքն` ունենք գեղասահորդներ, բայց նրանք հեռու են Օլիմպիական խաղերի մասնակցի հավակնորդ լինելուց: Մենասահորդներից` Հայրապետյան եղբայրներն են հավակնորդները, մոսկվաբնակ Անաստասիա Գալստյանը: Բայց դեռ այս երեք հավակնորդները քիչ են: Լավ արդյունքներ ենք ակնկալում Անժելա Մկրտչյանից:

Որքա՞ն վարկանիշ ունի այժմ Սլավիկ Հայրապետյանը եւ որքա՞ն է պահանջվում օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար:

Սլավիկն արդեն բազմապատկել է իր արդյունքը: Եթե միջազգային կարգի վարպետը ըստ նորմայի պետք է ունենա 46 միավոր, Սլավիկը հավաքել է  93,88 միավոր: Եթե անցնի  100-ի շեմը, նա ձեռք կբերի օլիմպիական ուղեգիր:

Ֆեդերացիան ակտիվ համագործակցում էր նաեւ ԱՄՆ-ում բնակվող Պիեռ Բալյանի հետ, որը Էստոնիայում կայացած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում անհաջող ելույթի համար մեղադրեց  ֆեդերացիային` պատճառաբանելով, թե Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան բացարձակապես իրեն չի օգնել:  Ինքն է հոգացել մրցումների համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Եվ որ ֆեդերացիայի ղեկավարությունը մտածել է, թե եթե ինքը  բնակվում է Լոս Անջելեսում, ուրեմն հարուստ է: Կապ կա՞ այդ գեղասահորդի հետ:

Պիեռ Բալյան մարզիկն արդեն ինքն իրեն այրել է, վերջացել է... Պիեռ Բալյանը որպես սպորտսմեն այլեւս չի կարող հանդես գալ ոչ մի մրցումներում, քանի որ նրա տարիքը այլեւս թույլ չի տալիս, դիմացկունությունը հավասարվել է ամենացածր մակարդակի: Այսօր նա չի կարող կոմպոզիցիան մինչեւ վերջ կատարել: Նա չի մարզվում, չունի շնչառություն: Իսկ ինչ վերաբերում է ֆեդերացիայի` նրան չօգնելուն, դա սխալ տվյալ է: Ինչպե՞ս չենք օգնել, միայն թե նա բոլոր մրցումներում անհաջող է ելույթ ունեցել: Մենք առանց նրա մարզումները տեսնելու հպարտացել ենք, բայց սխալվել ենք: Չենք իմացել նա ԱՄՆ-ում մարզումների ժամանակ կատարեց եռակի ակսել, թե վաղն է կատարելու: Նա լուրջ չի վերաբերվել սպորտին: Ուղղակի ցանկացել է Հայաստանից մասնակցի, խոստումներ է տվել եւ այլն: Երբ մենք նրան ստիպեցինք մարզվել ԱՄՆ-ում Ռաֆայել Հարությունյանի հետ, նա հրաժարվեց: Եթե մարզիկը խմիչք օգտագործած գա մարզումների, նրանից էլ ի՞նչ սպորտսմեն...

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով