Ալեքսանդր Պետրակով․ Եթե պարտվենք Թուրքիային, կզրկվենք ուղեգրի համար հետագա պայքարից

19:29   7 սեպտեմբերի, 2023

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախաղախային ասուլիսում խոսել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Թուրքիայի դեմ առաջիկա հանդիպման մասին։

«Վաղվա հանդիպման համար մարտավարական սխեմայի մասին ոչինչ չեմ ասի։ Հայ լրագրո՞ղ եք։ Եթե այո՝ առանձին ձեզ կասեմ հանդերձարանում։

Այո, վաղվա հանդիպումը շատ կարեւոր է, վճռորոշ հանդիպում է։ Եթե հաղթի Թուրքիայի թիմը՝ 90 տոկոս կապահովի եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը, իսկ մենք մեր կյանքը կբարդացնենք։ 5 եզրափակիչ է մնացել։ Եթե պարտվենք, կզրկվենք ուղեգրի համար հետագա պայքարից։

Հնարավոր ոչ ոքի արդյունքի դեպքում՝ խաղից հետո կխոսենք, թե ինչ նշանակություն կունենա։

Բոլոր ֆուտբոլիստները առողջ են եւ պատրաստ են վաղվա խաղին։

Թուրքիայի հավաքականում շատ են լավ խաղացողները։ Առաջատար ֆուտբոլիստներից կառանձնացնեմ Ունդերին եւ Չալհանօղլուին։

Մենք աշխատում ենք ստանդարտ դիրքերից հարվածների վրա։ Կիպրոսի դեմ խաղում անկյունայինից հետո գոլ խփեցինք։ Հզոր ֆիզիկական տվյալներով հայ ֆուտբոլիստները աչքի չեն ընկնում, բարդ է, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Պետրակովը։

Թուրքիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Էսկիշեհիր քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Երեւանում տեղի ունեցած խաղում Թուրքիայի հավաքականը հաղթել էր 2:1 հաշվով։

D խմբի առաջատարը Թուրքիան է, որը 4 խաղում վաստակել է 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան անցկացրել է 2 հանդիպում եւ 4 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում ընթացող Ուելսը, որն անցկացրել է 4 հանդիպում։ Լատվիան երեք պարտությունից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։