08:47 7 դեկտեմբերի, 2022Ես ամեն օր զանգեր, հրավերներ եմ ստանում տարբեր երկրներից: Եթե այսպես է լինելու, հանդես կգամ այլ դրոշի ներքո:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը՝ մեկնաբանելով իր ֆեյսբուքյան գրառումը:
«Հայաստանի բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ է մեկ տարում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն լինում: Մենք բռնցքամարտում տարիներ առաջ ենք աշխարհի չեմպիոն ունեցել եւ այսպիսի արդյունքն, իսկապես, աննախադեպ է:
Զարմանում եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի, ֆեդերացիայի նախագահի վրա, որ չի գալիս աշխարհի չեմպիոնին դիմավորի: Ես ինձ գնահատված չեմ զգում:
Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն եմ դարձել, ասես, զրո լինեն այս հաղթանակները: Չեն գնահատում: Եթե չեն գնահատում, կգնամ ուրիշ երկրի դրոշից հանդես կգամ:
Ինձ միշտ, ամեն օր զանգում եւ հրավիրում են այլ երկրի դրոշի տակ հանդես գալ: Եթե ինձ չեն գնահատում, ես կգնամ մեր երկրից: Այս գրառումը վերաբերում է ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին: Նրա ղեկավարման շրջանում աշխարհի ոսկե մեդալ չէր եղել: Նա պետք է գար, դիմավորեր»,- ասաց Էրիկ Իսրայելյանը:
18-ամյա աշխարհի չեմպիոնը ֆեյսբուքում գրառում էր կատարել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո գնահատված չլինելու մասին:
Նոյեմբերին Իսպանիայում անցկացված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Էրիկ Իսրայելյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 60 կգ քաշայինների եզրափակիչում նա 5:0 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գորդուլավային:
18-ամյա բռնցքամարտիկը երիտասարդներից Հայաստանի չորրորդ աշխարհի չեմպիոնն է՝ Բագրատ Օհանյանից (1999), Նիկոլ Հարությունովից (2012) եւ Անուշ Գրիգորյանից (2014) հետո:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.