15:25 8 օգոստոսի, 2021Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթանում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է (63 կգ):
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում անցկացվող արարողությունն առանց հանդիսականների է:
2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի դրոշակակիրներն էին Տոկիո-2020-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հովհաննես Բաչկովը դարձել է բրոնզե մեդալակիր: Նախորդ անգամ Հայաստանը բռնցքամարտում օլիմպիական մեդալ նվաճել էր 2008 թվականին: Պեկին-2008-ում բրոնզե մեդալակիր էր դարձել վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը։
17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտել էր 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե և 69-րդն է մեդալային հաշվարկում:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.