Տոկիո-2020. Հայաստանի դրոշակակիրը փակման արարողության ժամանակ

18:40   7 օգոստոսի, 2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ):

2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի դրոշակակիրներն էին Տոկիո-2020-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

Փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով միջոցառումը կանցկացվի առանց հանդիսականների:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հովհաննես Բաչկովը դարձել էր բրոնզե մեդալակիր: Նախորդ անգամ Հայաստանը բռնցքամարտում օլիմպիական մեդալ նվաճել էր 2008 թվականին: Պեկին-2008-ում բրոնզե մեդալակիր էր դարձել վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը։

17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտել էր 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե և մրցումային վերջին օրվանից առաջ 69-րդն է մեդալային հաշվարկում:

Ֆոտո՝ Reuters



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.