09:14 3 օգոստոսի, 2021Մեր հաղթանակը նորից գողացան: Կարենը հաղթում էր, առավելությունը մերն էր, բայց հաղթանակը տվեցին մրցակցին:
Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից Կարեն Ասլանյանի պարտությունը քառորդ եզրափակիչում մեկնաբանեց Հայաստանի հավաքականի մարզիչ, Կարեն Ասլանյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց Աֆրիկայի եռակի չեմպիո, Աֆրիկյան խաղերի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի նախորդ երկու տարիների չեմպիոն, 23-ամյա եգիպտացի Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդի հետ եւ պարտվեց 7:7 հաշվով։
Չնայած վերջին միավորների առավելությունը Ասլանյանինն էր, բայց հաղթանակը շնորհվեց եգիպտացի ըմբիշին, քանի որ Կարեն Ասլանյանը զգուշացումներ ուներ:
«Արդեն երկրորդ անգամ այսպես մեզնից գողանում են հաղթանակը: Կարենը մաքուր հաղթում էր, տուշեով: Մեզանից խլեցին այդ հաղթանակը, տուշեն չգրանցեցին: Կարենը միավորներով չի պարտվել: Նրա մաքուր հաղթանակը գողացան:
Մրցավարներն այսպես արդեն երկրորդ անգամ մեր ձեռքից տանում են այս կարեւոր հաղթանակը: Բոլոր միավորներն էլ մերն էր, բայց մեզ չտվեցին: Ո՞ւմ բողոքարկենք, ի՞նչ բողոքարկենք: Իրենք իրենց ուզածն անում են»,- ասաց Սամվել Գեւորգյանը:
Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդ - Կարեն Ասլանյան դիմակայությունում մրցավարներն արդեն երկրորդ անգամ են նախապատվությունը տալիս եգիպտացի ըմբիշին: Նույն վիճահարույց մրցավարության հետեւանքով Կարեն Ասլանյանը պարտվել էր նաեւ 2019 թվականին Նուրսուլթանում անցկացված աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում:
Կարեն Ասլանյանը Տոկիոյում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից։ 26-ամյա հայ ըմբիշը գոտեմարտել էր 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ առավելության հասել վերջին միավորի շնորհիվ՝ 1։1։ Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը 7։6 հաշվով պարտության էր մատնել աշխարհի կրկնակի չեմպիոն, 33-ամյա հարավկորեացի Ռյու Սան Սուին։ Եթե Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը հասնի եզրափակիչ, Կարեն Ասլանյանը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.