Տոկիո-2020. Կարապետ Չալյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ

13:43   2 օգոստոսի, 2021

Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը (77 կգ) պարտություն կրեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչում և կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Եզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը վիճարկեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ և պարտվեց 2:6 հաշվով:

Առաջին մրցափուլի միջնամասում Կարապետ Չալյանը մրցակցի պասիվության համար ստացավ մեկ միավոր ու պարտերում վերևից աշխատելու հնարավորություն: Նա բարձրացրեց մրցակցին, սակայն գցումն անհաջող կատարեց ու 2 միավոր տվեց Մախմուդովին: Ղրղզ ըմբիշը ստացավ պարտերում վերևից աշխատելու հնարավորություն, իսկ հաշիվը դարձավ 4:1: Մախմուդովը վաստակեց ևս 2 միավոր, իսկ Չալյանը դարձյալ հայտնվեց պարտերում: Հայ ըմբիշն այս անգամ հաջող պաշտպանվեց: Առաջին մրցափուլն ավարտվեց 6:1 հաշվով՝ հօգուտ Ակժոլ Մախմուդովի:

Երկրորդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչի բոլոր ջանքերն ապարդյուն էին: Մրցակիցը հաջող պաշտպանվեց ու վերջնամասում ընդամենը մեկ միավոր տվեց Չալյանին՝ 6:2:

Օգոստոսի 3-ին Կարապետ Չալյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ, իսկ նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի ու թունիսցի Լամջեդ Մաաֆիի միջև սփոփիչ գոտեմարտի հաղթողը: Եզրափակիչում Ակժոլ Մախմուդովի մրցակիցը կլինի հունգարացի Տամաշ Լորինցը, որը կիսաեզրափակիչում 6:5 հաշվով դժվարին հաղթանակ տարավ իրանցի Մոհամադալի Գերայիի նկատմամբ: 

Տոկիո-2020-ում Կարապետ Չալյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 5:0 հաշվով հաղթելով 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին: Քառորդ եզրափակիչում նա 2:1 հաշվով հաղթել էր 2018թ. աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, 35-ամյա ռուս Ալեքսանդր Չեխիրկինին: 

Օգոստոսի 2-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մտել նաև գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որը տարել է 2 հաղթանակ ու նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանն օգոստոսի 1-ին հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում և լքել պայքարը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) պայքարի մեջ կմտնի օգոստոսի 3-ին և 1/8 եզրափակիչում կմրցի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ: 

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):

Կարապետ Չալյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 77 կգ քաշային կարգ։

Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 7-ին Գյումրիում։ Անձնական մարզիչն է Արթուր Պետրոսյանը:

Կարապետ Չալյանը 2010 թվականի պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն է, 2012 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թվականի երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, 2014 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թվականի բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն, 2016 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2020 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի աշխարհի առաջնությունում։ Ամուսնացած չէ։

Ֆոտո՝ Reuters



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։