Լյով. Ձախողման ամբողջ պատասխանատվությունն իմն է

18:12   30 հունիսի, 2021

Գերմանիայի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը ստանձնել է Եվրո–2020–ում ազգային թիմի ձախողման ամբողջ պատասխանատվությունը։ Նա նաեւ հաջողություն է մաղթել Բունդեսթիմի նոր գլխավոր մարզիչ Հանս–Դիտեր Ֆլիկին։

Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում գերմանացիները Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 0։2 հաշվով պարտվել են Անգլիայի հավաքականին։

«Հիասթափությունը շատ, շատ խորն է։ Շատ եմ ափսոսում, որ հիասթափություն ենք պատճառել երկրպագուներին։ Ամբողջ պատասխանատվությունն իմն է առանց որեւէ «եթե»–ի ու «բայց»–ի։

Անցան 15 երկար տարիներ բազմաթիվ հրաշալի պահերով, նաեւ որոշ հիասթափություններով։ Թիմն ու խաղացողներն կունենան հրաշալի ապագա։ Հաջողություն եւ լավագույնն եմ մաղթում Հանսի Ֆլիկին»,– Լյովի խոսքը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

Լյովը Գերմանիայի հավաքականում էր 2006 թվականից։ Այս ընթացքում Գերմանիան դարձել է 2008թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2010թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2012 եւ 2016 թվականների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2014թ. աշխարհի չեմպիոն, 2017թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող։

«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Հանս–Դիտեր Ֆլիկի պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ նախատեսված է մինչեւ 2024թ. ամառ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.