Կոնֆերենցիաների լիգա. Հայկական ակումբների մրցակիցները (ֆոտո)

15:51   15 հունիսի, 2021

Շվեյցարական Նիոնում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում հայկական ակումբներն իմացան մրցակիցներին ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում:

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ուժերը կչափի Ֆինլանդիան ներկայացնող «ԿուՊՍ»-ի հետ: Կուոպիո քաղաքը ներկայացնող թիմը Ֆինլանդիայի 6-ակի չեմպիոն է, նախորդ անգամ երկրի չեմպիոնի կոչումը նվաճել է 2019-ին: «Նոայի» մյուս հավանական մրցակիցներն էին «Լաչի» (Ալբանիա), «Սարաևո» (Բոսնիա և Հերցեգովինա), «Ժիլինա» (Սլովակիա):

Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» մրցակիցը կլինի հունգարական «Ֆեհերվարը», որը Հունգարիայի նախորդ առաջնությունում գրավել է երրորդ տեղը: «Ֆեհերվարը» 3 անգամ հաղթել է Հունգարիայի առաջնությունում, իսկ նախորդ անգամ չեմպիոն դարձել է 2017/18թթ. մրցաշրջանում: Մինչև 2018թ. հուլիսի 1-ը ակումբը կոչվում էր «Վիդեոտոն», այնուհետև մեկ տարի ունեցել է «ՄՈԼ Վիդի» անվանումը, իսկ 2019-ին դարձյալ վերադարձել է «Ֆեհերվար» անվանմանը: «Արարատի» մյուս հավանական մրցակիցներն էին՝ «Սուտյեսկա» (Չեռնոգորիա), «Պետրոկուբ-Հինչեստի» (Մոլդովա), «Շիրոկի Բրիյեգ» (Բոսնիա և Հերցեգովինա):

Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» կփորձի հաղթահարել Սլովենիայի 15-ակի չեմպիոն «Մարիբորի» արգելքը: Սլովենիայի ավարտված առաջնությունում «Մարիբորը» գրավել է երկրորդ տեղը՝ հավասար միավորներ հավաքելով չեմպիոնի կոչումը նվաճած «Մուրայի» հետ: «Ուրարտուի» մյուս հավանական մրցակիցներն էին՝ «Պարտիզան» (Ալբանիա), «Տրեպենե» (Սան Մարինո), «Շկուպի» (Մակեդոնիա):

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը տեղի կունենա հուլիսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 15-ին: «Նոան» դիմակայության առաջին խաղը կանցկացնի տանը, իսկ «Ուրարտուն» ու «Արարատը»՝ հյուրընկալվելիս:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 16-ին:

Հիշեցնենք, որ եվրագավաթներում Հայաստանի մյուս ներկայացուցիչ «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կխաղա Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։