Եվրո-2020. Ամենահամեստ C խումբը՝ Հոլանդիայով ու Հայաստանի ծանոթ մրցակցով

10:45   10 հունիսի, 2021

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունն առանձնահատուկ է պատմության մեջ։ Առաջին անգամ մրցաշարը կանցկացվի 11 երկրների 11 քաղաքներում, իսկ հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար կպայքարեն 24 թիմեր:

NEWS.am Sport-ը ներկայացնում է Եվրո-2020-ի 6 խմբերը։ Երրորդը C խումբն է, որտեղ ընդգրկված են Հոլանդիայի, Ավստրիայի, Ուկրաինայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։  

Հոլանդիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 16-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Ֆրանկ Դե Բուր

Հայտացուցակ

Դարպասապահներ. Յասպեր Սիլեսեն («Վալենսիա»), Տիմ Կրուլ («Նորվիչ Սիթի»), Մարտեն Ստեկելենբուրգ («Այաքս»)։

Պաշտպաններ. Պատրիկ վան Անհոլտ («Քրիսթալ Փելաս»), Նաթան Ակե («Մանչեսթեր Սիթի»), Դեյլի Բլինդ («Այաքս»), Դենզել Դյումֆրիս (ՊՍՎ), Մատեյս դե Լիգտ («Յուվենտուս»), Յուրիեն Տիմբեր («Այաքս»), Յոէլ Վելտման («Բրայթոն»), Ստեֆան դե Վրեյ («Ինտեր»), Օուեն Վեյնդալ («ԱԶ Ալկմար»)։

Կիսապաշտպաններ. Դոնի վան դե Բեկ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռայան Գրավենբերխ, Դեյվի Կլասեն (երկուսն էլ՝ «Այաքս»), Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), Տեն Կոպմեյներս («ԱԶ Ալկմար»), Մարտեն դե Ռոն («Ատալանտա»), Ժորժինյո Վեյնալդում («Լիվերպուլ»), Կվինսի Պրոմես («Սպարտակ»), Կոդի Գակպո (ՊՍՎ), Մեմֆիս Դեպայ («Լիոն»)։

Հարձակվողներ. Սթիվեն Բերգեյս («Ֆեյենորդ»), Դոնել Մալեն (ՊՍՎ), Լյուկ դե Յոնգ («Սեւիլիա»), Վոյտ Վեգորստ («Վոլֆսբուրգ»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 7.50 

Վերջին տարիներին Հոլանդիայի հավաքականը եվրոպական թոփ հավաքականների շարքում մնում է միայն իր հարուստ պատմության շնորհիվ: 3 անգամ աշխարհի առաջնություններում երկրորդ տեղ գրաված հոլանդացիները նվաճել են Եվրո-1988-ի չեմպիոնի կոչումը, սակայն այս թիմը խաղամակարդակով ու կազմով շատ հեռու է մեծ մրցաշարերում բազմիցս ֆավորիտի կարգավիճակ ունեցող նախորդ հավաքականներից: Հոլանդիայի հավաքականին անդունդից հանեց այժմ կատալոնական «Բարսելոնան» գլխավորող Ռոնալդ Կումանը, որին 2020 թվականի սեպտեմբերին փոխարինեց անվանի ֆուտբոլիստ Ֆրանկ դե Բուրը: Հոլանդացի մասնագետի նշանակումն անակնկալ էր շատերի համար, քանի որ դրանից առաջ նա անհաջողության էր մատնվել իտալական «Ինտերում», անգլիական «Քրիսթալ Փելասում» ու ամերիկյան «Ատլանտայում»: Ակնհայտ է, որ Ռոնալդ Կումանի Հոլանդիայի հավաքականը շատ է տարբերվում այս թիմից, որն ավելի զգուշավոր է գործում:

Հավանական մեկնարկային կազմը. Կրուլ, Դյումֆրի, Դե Լիգտ, Բլինդ, Վեյնալդ, Դե Ռուն, Վեյնալդում, Ֆրենկի Դե Յոնգ, Բերգեյս, Լյուկ Դե Յոնգ, Դեպայ: 

Հոլանդիայի հավաքականում, միանշանակ, զգալ կտա Վիրջիլ վան Դեյկի բացակայությունը: Անգլիական «Լիվերպուլի» պաշտպանը Եվրո-2020-ին չի մեկնել վնասվածքի պատճառով:

Չնայած մի շարք խնդիրներին՝ շատերը հոլանդացիներին համարում են խմբում հաղթելու գլխավոր ֆավորիտը: Իհարկե, դրան նպաստում է նաև այն, որ թիմը խմբային փուլի բոլոր՝ 3 հանդիպումներն անցկացնելու է հարազատ Ամստերդամում:

Ավստրիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 23-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Ֆրանկո Ֆոդա

Հայտացուցակ

Դարպասապահներ. Դանիել Բահման («Ուոթֆորդ»), Պավաո Պերվան («Վոլֆսբուրգ»), Ալեքսանդեր Շլագեր (ԼԱՍԿ):

Պաշտպաններ. Դավիդ Ալաբա («Բավարիա»/«Ռեալ»), Ալեքսանդր Դրագովիչ («Բայեր»), Մարկո Ֆրիդլ («Վերդեր»), Մարտին Հինտերեգեր («Այնտրախտ»), Ստեֆան Լայներ («Բորուսիա Մ.»), Ֆիլիպ Լինհարտ («Ֆրայբուրգ»), Ստեֆան Պոշ («Հոֆենհայմ»), Անդրեաս Ուլմեր («Զալցբուրգ»):

Կիսապաշտպաններ. Յուլիան Բաումգարտլինգեր («Բայեր»), Կրիստոֆ Բաումգարտներ, Ֆլորիան Գրիլիչտ (երկուսն էլ՝ «Հոֆենհայմ»), Ստեֆան Իլզանկեր («Ֆրանկֆուրտ»), Կոնրադ Լայմեր, Մարսել Սաբիցեր (երկուսն էլ՝ «Լայպցիգ»), Վալենտինո Լազարո («Ինտեր»), Քարիմ Օնիսիվո («Մայնց»), Լուիս Շաուբ («Լյուցերն»), Խավյեր Շլագեր («Վոլֆսբուրգ»), Ալեսանդրո Շեպֆ («Շալկե»), Կրիստոֆեր Տրիմել («Ունիոն Բեռլին»):

Հարձակվողներ. Մարկո Արնաուտովիչ («Շանհայ Պորտ»), Միխայել Գրեգորիչտ («Աուգսբուրգ»), Սաշա Կալայջիչ («Շտուտգարտ»):

Չեմպիոնության գործակիցը՝ 101.00

Ավստրիայի հավաքականը հազվադեպ է մասնակցում մեծ մրցաշարերի, իսկ մասնակցության դեպքում էլ լուրջ հաջողություններ չի գրանցել: Հեռավոր ԱԱ-1954-ում ավստրիացիները գրավել են երրորդ տեղը: Վերջին շրջանում ևս Ավստրիայի հավաքականը չի փայլում, իսկ Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելն ու Ազգերի լիգայի A դիվիզիոնում հայտնվելը շատերի համար հանգամանքների հաջող դասավորության արդյունք է: Վերջին շրջանում ավստրիացիները չեն առանձնացել սխրագործություններով, բայց C խմբի թիմերի խաղամակարդակը նրանց թույլ է տալիս մտածել փլեյ-օֆֆում հայտնվելու մասին:

2018 թվականից Ավստրիայի հավաքականը գլխավորող գերմանացի մասնագետ Ֆրանկ Ֆոդան նախընտրում է զգույշ ու ոչ ինտենսիվ ֆուտբոլ՝ շեշտը դնելով արդյունքի վրա:

Հավանական մեկնարկային կազմը. Ա. Շլագեր, Լայներ, Դրագովիչ, Հինտերեգեր, Ուլմեր, Ալաբա, Գրիլիտչ, Բաումգարտներ, Սաբիցեր, Խ. Շլյագեր, Կալայջիչ:

Ավստրիայի հավաքականի առանցքային խաղացողների մեծ մասը հանդես է գալիս Գերմանիայի Բունդեսլիգայում: Կան բարձրակարգ խաղացողներ, թիմի համար բարդ, բայց ոչ անլուծելի խնդիր է լինելու խմբային փուլի արգելքը հաղթահարելը:

Ուկրաինա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 24-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Անդրեյ Շևչենկո

Հայտացուցակ

Դարպասապահներ. Գրեգորի Բուշչան («Դինամո Կիև»), Անդրեյ Պյատով, Անատոլի Տրուբին (երկուսն էլ՝ «Շախտյոր»):

Պաշտպաններ. Ալեքսանդր Կարավաև, Վիտալի Միկոլենկո, Դենիս Պոպով, Ալեքսանդր Տիմչիկ, Իլյա Զաբարնի (բոլորը՝ «Դինամո Կիև»), Սերգեյ Կրիվցով, Նիկոլայ Մատվիենկո (երկուսն էլ՝ «Շախտյոր»), Էդուարդ Սոբոլ («Բրյուգե»), Ալեքսանդր Զինչենկո («Մանչեսթեր Սիթի»):

Կիսապաշտպաններ. Ռոման Բեզուս («Գենտ»), Եվգենի Մակարենկո («Կորտրեյկ»), Ռուսլան Մալինոսվկի («Ատալանտա»), Մարլոս, Տարաս Ստեպանենկո, Գեորգի Սուդակով (բոլորը՝ «Շախտյոր»), Նիկոլայ Շապարենկո, Սերգեյ Սիդորչուկ, Վիկտոր Ցիգանկով (բոլորը՝ «Դինամո Կիև»):

Հարձակվողներ. Արտյոմ Բեսեդին («Դինամո Կիև), Արտյոմ Դովբիկ («Դնեպր-1»), Ռոման Յարեմչուկ («Գենտ»), Անդրեյ Յարմոլենկո («Վեստ Հեմ»), Ալեքսանդր Զուբկով («Ֆերենցվարոշ»):

Չեմպիոնության գործակիցը՝ 67.00

Այս տարի Ուկրաինայի հավաքականը չի կարողանում ուրախացնել իր երկրպագուներին և Եվրո-2020-ին չի մեկնել հաղթական տրամադրությամբ: Չնայած նախորդ մի քանի խաղերում ոչ այնքան հաջող ելույթներին՝ ուկրաինացիներն ունեն փլեյ-օֆֆի ուղեգիր դուրս գալու բոլոր շանսերը:

Ուկրաինայի հավաքականը գլխավորող 44-ամյա Անդրեյ Շևչենկոն Եվրո-2020-ի ամենաերիտասարդ մարզիչն է: Ուկրաինացի լեգենդար հարձակվողն ազգային թիմի գլխավոր աստղն է, բայց նրա տրամադրության տակ կան բարձրակարգ խաղացողներ, որոնց հետ հնարավոր կլինի հասնել լավ արդյունքի:

Հավանական մեկնարկային կազմը. Բուշչան, Կարավաև, Զաբարնի, Մատվիենկո, Միկոլենկո, Մալինովսկի, Ստեպանենկո, Զինչենկո, Յարմոլենկո, Յարեմչուկ, Ցիգանկով:

Գուցե մյուս խմբերում հայտնվելու դեպքում Ուկրաինայի հավաքականի՝ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հեռանկարները մեծ չէին լինի, սակայն հաջող վիճակահանությունն Անդրեյ Շևչենկոյի թիմին թույլ է տալիս ակնկալել նվազագույնը խմբից դուրս գալը:

Հյուսիսային Մակեդոնիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 62-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Իգոր Անգելովսկի

Հայտացուցակ

Դարպասապահներ․ Ստոլե Դիմիտրիևսկի («Ռայո Վալյեկանո»), Ռիստո Յանկով («Ռաբոտնիչկի»), Դամյան Շիշկովսկի («Դոհա»):

Պաշտպաններ. Էգզոն Բեյտուլայի («Շկենդիյա»), Վիսար Մուսլիու («Ֆեհերվար»), Կիրե Ռիստեւսկի («Ույպեշտ»), Ստեֆան Ռիստովսկի («Դինամո Զագրեբ»), Դարկո Վելկովսկի («Ռիեկա»), Գյոկո Զայկով («Շարլերուա»):

Կիսապաշտպաններ. Էզգիան Ալիոսկի («Լիդս»), Արիյան Ադեմի («Դինամո Զագրեբ»), Էնիս Բարդի («Լևանտե»), Դարկո Չորլինով («Շտուգարտ»), Էլիֆ Էլմաս («Նապոլի»), Ֆերան Հասնի («Պարտիզան»), Տիհոմիր Կոստադինով («Ռուժեմբերոկ»), Բոբան Նիկոլով («Լեչե»), Միլան Ռիստովսկի («Սպարտակ Տրնավա»), Ստեֆան Սպիրովսկի (ԱԵԿ):

Հարձակվողներ. Դանիել Ավրամովսկի («Կայսերիսպոր»), Գորան Պանդև («Ջենոա»), Մարյան Ռադեսկի («Ակադեմիա Պանդև»), Վլատկո Ստոյանովսկի («Չամբլի»), Ալեքսանդր Տրայկովսկի («Մալյորկա»), Իվան Տրիչկովսկի (ԱԵԿ), Կրստե Վելկովսկի («Սարաևո»):

Չեմպիոնության գործակիցը՝ 501.00

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելը ՈւԵՖԱ-ի նորարարությունների արդյունքն է: Մակեդոնացիները Եվրո-2020-ի ուղեգիր նվաճեցին Ազգերի լիգայի D դիվիզիոնում հաղթելու շնորհիվ՝ ուժեղ գտնվելով նաև Հայաստանի հավաքականից:

Հասկանալի է, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը դժվար թե կարողանար հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի արգելքը: Նրանք պատմության մեջ առաջին անգամ կխաղան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում և կփորձեն վայելել այդ պահը՝ առանց ճնշման ու լարվածության:

Հավանական մեկնարկային կազմը. Դիմիտրևսկի, Նիկոլով, Ռիստովսկի, Մուսլյու, Վելկովսկի, Ալիոսկի, Ադեմի, Բարդի, Էլմաս, Պանդև, Տրայկովսկի:

Չնայած փոքր հավաքականի կարգավիճակին՝ մակեդոնացիներն իսկական սենսացիա մատուցեցին այս տարվա մարտին՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլում 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տանելով Գերմանիայի հավաքականի նկատմամբ: Եթե գերմանացիներին հաղթել ստացվում է, ապա այս խմբում անակնկալ մատուցել ևս հնարավոր է:

Հատկանշական է, որ Եվրո-2020-ից հետո կարևոր փորձ հավաքած մակեդոնացիները ԱԱ-2022-ի ընտրական փուլում սեպտեմբերին տնային հանդիպում են անցկացնելու J խմբի առաջատար Հայաստանի հավաքականի հետ:

Կարդացեք նաև՝ 

Եվրո-2020. A խումբը՝ ընդգծված ֆավորիտով ու բարդ մրցակիցներով  

Եվրո-2020. B խումբը՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկով ու նորեկով



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։