Զիդան. Պետք է խոստովանել, որ «Չելսին» արժանի էր հաղթանակի

12:40   6 մայիսի, 2021

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Չելսիից» կրած պարտությունը նվազագույն հաշվով, ինչն անգլիական ակումբին դուրս բերեց եզրափակիչ:

«Պետք է խոստովանել, որ մրցակիցն արժանի էր հաղթանակի: Մենք ձգտում էինք ու պայքարում, սակայն նրանք արժանիորեն հաղթեցին ու դուրս եկան եզրափակիչ: Այս խաղում դաշտ դուրս եկած ֆուտբոլիստները պատրաստ էին խաղալ: Ես հպարտանում եմ իմ խաղացողնեով: «Չելսին» անցկացրեց հրաշալի հանդիպում, ինչի համար արժանի է գովասանքի խոսքերի:

Իհարկե, մենք դժգոհ ենք: Երբ պարտվում ես կիսաեզրափակիչում, չի կարելի ուրախանալ, և դա նորմալ է: Բարդ է ընդունել այս պարտությունը, բայց արդեն վաղը մենք կվերադառնանք խաղադաշտ, որպեսզի մարզվենք ու հասնենք մեր առջև դրված մյուս նպատակներին:

Պետք է ավելի լավ խաղայինք առջևի գծում: Չստեղծեցինք ոչ մի իրական գոլային պահ, իսկ «Չելսին» ունեցավ մի քանիսը: Անկախ ամեն ինչից, հպարտ եմ իմ խաղացողներով: Կհանգստանանք ու կկենտրոնանանք առաջնության խաղերի վրա»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Մադրիդում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Եզրափակիչում «Չելսիի» մրցակիցը կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը 2 խաղերի արդյունքում ուժեղ էր գտնվել ֆրանսիական ՊՍԺ-ից (2:1, 2:0):

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Ստամբուլում: «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ է նվաճել եզրափակիչի ուղեգիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։