Արսեն Զախարյան. Ցանկանում եմ այցելել Հայաստան

14:06   1 մայիսի, 2021

Մոսկվայի «Դինամոյի» և ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանն ակումբի մամուլի ծառայության հետ ծավալուն հարցազրույցում պատմել է, որ ցանկանում է այցելել Հայաստան:

Քեզ շատ վառ կերպով դրսևորեցիր այս տարվա սկզբնամասում: Երկրպագուներն ու մասնագետները տպավորված էին քո խաղով: Հետևո՞ւմ ես, թե ինչ են գրում քո մասին:

Փորձում եմ մի քիչ վերացարկել, որպեսզի դա ոչ մի կերպ չանդրադառնա ինձ վրա: Լինում է, որ կարդում եմ մեկնաբանություններ կամ հաղորդագրություններ: Իհարկե, բոլորին պատասխանել չեմ հասցնում, բայց երկրպագուների հետ հաղորդակցվում եմ:

Հայրդ Արցախից է, շա՞տ է պատմել այդ վայրի մասին:

Այո, գիտեմ, որ վերջերս դարձյալ կոնֆլիկտ էր տեղի ունեցել այնտեղ: Ընդհանրապես, ցանկանում եմ այցելել Հայաստան: Կարծում եմ՝ ապագայում կմեկնեմ այնտեղ:

Հաճա՞խ ես հանդիպում ծնողներիդ հետ:

Հիմա արդեն այո, նրանք գալիս են մեր խաղերին, նաև հանգստյան օրերին են ժամանում:

Երբ դու ես մեկնում նրանց մոտ` Սամարա, ի՞նչ ես խնդրում պատրաստել:

Ավելի շատ նախընտրում եմ հայկական խոհանոց: Մայրս հրաշալի է տոլմա պատրաստում, չնայած նրա մոտ ամեն բան համեղ է ստացվում: Ընդհանրապես, այնտեղ առատություն է սննդի հարցում:

Հիմա քեզ շատ են քննարկում հայկական մեդիա հարթակում: Արդյո՞ք քո առջև կա ընտրություն կատարելու հարց, թե՞ որ հավաքականում խաղալ:

Այս պահին ես կենտրոնացած եմ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հետ հաջողության հասնելու վրա, իսկ հետո արդեն կտեսնենք, թե ինչպես կստացվի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Այս տարվա մարտին Զախարյանը Ռուսաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցում էր Եվրո-2021-ի եզրափակիչ մրցաշարին: Նա Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Իսլանդիայի Մ-21 հավաքականի դեմ խաղում հայ ֆուտբոլիստը ռեկորդը սահմանել էր 17 տարեկան, 27 օրականում: Մինչև այս Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի ամենաերիտասարդ հեղինակն էր Ֆյոդոր Սմոլովը, որն աչքի էր ընկել 18 տարեկան 17 օրականում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։