Հովհաննես Հովսեփյանը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ (ֆոտո)

13:26   29 ապրիլի, 2021

Հովհաննես Հովսեփյանն ընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ:

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ապրիլի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 15-րդ հաշվետու ընտրական համաժողովը, որի ընթացքում անցկացվեց նաև նախագահի ընտրությունը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Քվեարկելու իրավունք ունեցող 95 պատվիրակներից ընտրությանը մասնակցեցին 92-ը: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հավաքեց 67 ձայն և առաջ անցավ մյուս թեկնածուից՝ աշխարհի չեմպիոն և գավաթակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանից (10 ձայն): 15 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:

Ընտրություններից առաջ փոխվեց ՀԲՖ-ի գործող կանոնադրությունը: Ըստ նախորդ կանոնադրության՝ քվեարկելու իրավունք ունեին 74 պատվիրակներ։ Քվեարկությամբ որոշվեց լուծել եւս 21 պատվիրակի ֆեդերացիայի անդամակցություն տալու հարցը, որից հետո քվեարկելու իրավունք ստացավ 95 պատվիրակ։

ՀԲՖ գլխավոր քարտուղար Էդգար Կարապետյանը հրաժարվեց թեկնածությունից և հայտարարեց, որ չի մասնակցի ընտրությանը, քանի որ ոչ օրինական է համարում ընթացիկ քվեարկությունն առանց կանոնադրության գրանցման։ Ֆեդերացիայի փոխնախագահ Ռուստամ Բաղդասարյանն էլ հրաժարվեց մասնակցությունից և հեռացավ։

Ընտրելու իրավունք ստացան 95 պատվիրակներ։ Ինքնաառաջադրված Իլյա Վարովը չէր ներկայացել։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկացրեց, որ Իլյա Վարովը չի ներկայացրել 5 տարվա զարգացման ծրագիր։ Ֆեդերացիայի գործկոմը որոշեց գնալ ընտրության կանոնադրությունում փոփոխություններ կատարելուց հետո։ Առաջարկվեց կանոնադրությունում փոխել ընտրությանը մասնակցելու թեկնածուների մասով կետը, ըստ որի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ կարող է ընտրվել ՀՀ ցանկացած քաղաքացի, առանց պարտադիր վերջին 3 տարում գործադիր կոմիտեի անդամ լինելու։ Կանոնադրության այս կետի փոփոխությունն ընդունվեց 94 կողմ եւ 1 դեմ ձայնով։ Նախագահի թեկնածուներ Իսրայել Հակոբկոխյանն ու Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեցին իրենց ծրագրերը, որից հետո մեկնարկեց փակ քվեարկությունը։

Ընտրություններին ներկա էին ԱԻԲԱ-ի երկու ներկայացուցիչներ: 

Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել և հայտարարվել է հետախուզում: Մայիսի 21-ին Գեւորգյանը ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ, որ պաշտոնից հրաժարական կներկայացնի, եթե չդադարեցվեն իր դեմ ծավալվող քաղաքական հետապնդումները:

Արթուր Գևորգյանը 2013 թվականի նոյեմբերից էր զբաղեցնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որտեղ նա փոխարինել էր Արման Մուրադյանին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։