Բուդապեշտ. Ղարիբյանը, Շահինյանը և Օվասապյանը մեկնարկեցին հաղթանակով

17:28   20 մարտի, 2021

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարում մարտի 20-ին պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականն ունի 4 ներկայացուցիչ՝ Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):

2020թ. Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ լեհ Դավիդ Էրսետիչի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Ղարիբյանը կհանդիպի ադրբեջանցի Մուրադ Մամադովին:

2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում 9:6 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր Լիավոնչուկին, իսկ 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ ուժեղ գտնվեց ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 10:1: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի Իսլամբեկ Դադովը, որը պայքարից դուրս թողեց Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանին:

Արթուր Շահինյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ 6:2 հաշվով հաղթելով խորվաթ Իվան Հուկլեկին: Գյումրեցի ըմբիշի հաջորդ մրցակիցը վրացի Լաշա Գոբաձեն է:

Դավիթ Օվասապյանը նույնպես պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից և 5:1 հաշվով պարտության մատնեց ֆինն Յոհանես Մաենպաեաեին: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Օվասապյանը կվիճարկի հունգարացի Ադամ Վարգայի հետ:

Բուդապեշտի մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 4 ըմբիշով և նվաճեց 2 ոսկե մեդալ: 2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը (65 կգ) և Եվրոպայի 2019թ. չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձել էին ոսկե մեդալակիր և նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) հաջողության չէին հասել



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։