19:43 19 մարտի, 2021Արսեն Հարությունյանը (57 կգ) նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Եզրափակիչ դուրս եկած ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած 21-ամյա Հարությունյանը ոսկե մեդալը վիճարկեց բուլղարացի Գեորգի Վանգելովի հետ և հաղթեց 8:3 հաշվով:
2019թ. Եվրոպայի չեմպիոնը մարտի 18-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և տարել 3 հաղթանակ՝ ուժեղ գտնվելով բելառուս Ուլադզիսլաու Անդրեյեուից (10:2), վրացի Բեկա Բուջիաշվիլիից (10:5) ու ուկրաինացի Անդրեյ Յացենկոյից (10:0):
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Բուդապեշտի մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել էր նաև 2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը (65 կգ), որը եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ:
Բուդապեշտի մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին եկել նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որոնք հաջողության չհասան:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Մինչև այս Հայաստանն ուներ ևս 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):
Օլիմպիական ուղեգրեր նվաճած Արսեն Հարությունյանի ու Վազգեն Թևանյանի բոլոր հաղթանակները՝ տեսանյութերով
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.