Գրեփլինգի միջազգային կոմիտեի նախագահը ներկա է եղել Հայաստանի առաջնությանը (ֆոտո)

16:40   1 մարտի, 2021

Երևանում անցկացվել է գրեփլինգի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են ուժեղագույն ակումբները: Մեդալների համար պայքարել են շուրջ 320 մարզիկներ, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: 

Եզրափակիչ գոտեմարտերին ներկա են եղել նաև Գրեփլինգի միջազգային կոմիտեի նախագահ Ռիզվան Բոչկաևը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը:

Ռիզվան Բոչկաևը տպավորված է եղել առաջնության մասնակիցների քանակով և նշել, որ հայ գործընկերները սկսել են կարևոր գործ:

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ևս միացավ գրեփլինգի զարգացման գործին: Հասկանալի է, որ սկզբում բարդ է լինելու, սակայն կարևոր գործ է արվում: Տպավորված եմ, որ սկզբի համար մասնակիցներն այսքան շատ են, իսկ առաջնությունը կազմակերպված է բարձր մակարդակով: Շատ կարևոր է, որ պաշտոնապես համագործակցում եք ըմբշամարտի ֆեդերացիայի հետ: Դրա շնորհիվ հնարավոր կլինի ընդգրկվել միջազգային ընտանիքում և մասնակցել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) հովանու ներքո անցկացվող մրցաշարերին»,- նշել է Ռիզվան Բոչկաևը, որը Երևան էր ժամանել գրեփլինգի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարության հրավերով:

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի ըմբշամարտի և գրեփլինգի ֆեդերացիաները համագործակցության հուշագիր էին ստորագրել: Այդ հուշագիրը հայ մարզիկներին կտա UWW-ի կազմակերպած գրեփլինգի միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորություն։

Գրեփլինգն ըմբշամարտի ընտանիքի անդամ է, թեև մարզաձևը Հայաստանում նոր է սկսում զարգացման գործընթացը, իսկ ֆեդերացիան բացվել է այս տարվա սկզբնամասում: Պարբերաբար ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից առաջ կամ հետո անցկացվում են նաև գրեփլինգի մրցումները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։