Աշխարհի Գավաթ. Արսեն Հարությունյանը դուրս եկավ եզրափակիչ

19:56   16 դեկտեմբերի, 2020

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանին (57կգ) հաջողվեց հաղթանակ տանել և դուրս գալ եզրափակիչ:

21-ամյա հայ ըմբիշը սերբ Ստևան Անդրիա Միչիչի հետ գոտեմարտում հաղթանակ տարավ 7:4 հաշվով:

Դեկտեմբերի 17-ին տեղի ունենալիք եզրափակիչում Արսեն Հարությունյանի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Ռավուր Ուգուևը:

2019թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռումինացի Ռազվան Կովաչի նկատմամբ: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Հարությունյանը վիճարկեց 2017թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 23-ամյա ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյի հետ և հաղթեց լարված պայաքարում՝ 5:4:

Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ) որակավորման փուլում 4:2 հաշվով հաղթեց մոլդովացի Վալենտին Բորզինին, իսկ 1/8 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց Լեհաստանը ներկայացնող Մոգոմեդմուրադ Գաջիևին:

Հրայր Ալիխանյանը (74 կգ) 2 հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում մրցեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, իտալացի Ֆրանկ Չամիսոյի հետ և պարտվեց 2:8 հաշվով:

2018թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հովհաննես Մաղաքյանն (125 կգ) անհաջող մեկնարկեց քառորդ եզրափակիչից, որտեղ ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվեց 2018թ. Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, 2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի Մ-23 առաջնության բրոնզե մեդալակիր, Բելառուսի ներկայացուցիչ Դենիս Խրամենկովին:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան նաև Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերի 17-ին:

Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևի հետ, իսկ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) որակավորման փուլից կսկսի մոլդովացի Նիկոլայ Գրահմեզի հետ գոտեմարտով: Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արման Ավագյանը (79 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի 2020թ. Ասիայի չեմպիոն, Ղրղզստանի ներկայացուցիչ Արսալան Բուդաժապովի հետ, իսկ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի կամ Բեդոպասա Դջոնդեն (Գվինեա Բիասու), կամ Թեիմուրազ Նասկիդաևան (Իսպանիա):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։