15:57  ,  16 դեկտեմբերի, 2020

Աշխարհի Գավաթ. Արսեն Հարությունյանի տպավորիչ մեկնարկը, Հրայր Ալիխանյանը տարավ 2 հաղթանակ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության առաջին մրցումային օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ) և Հովհաննես Մաղաքյան (125 կգ):

2019թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռումինացի Ռազվան Կովաչի նկատմամբ: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Հարությունյանը կվիճարկի 2017թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 23-ամյա ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյի հետ:

Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ) որակավորման փուլում 4:2 հաշվով հաղթեց մոլդովացի Վալենտին Բորզինին: 1/8 եզրափակիչում Անդրեասյանը մրցեց Լեհաստանը ներկայացնող Մոգոմեդմուրադ Գաջիևի հետ և պարտվեց 1:4 հաշվով:

Հրայր Ալիխանյանը (74 կգ) որակավորման փուլում հաղթահարեց լեհ Պիոտր Սոկալսկու արգելքը՝ 9:0, իսկ երկրորդ գոտեմարտում 7:2 հաշվով ուժեղ գտնվեց Գերմանիայի ներկայացուցիչ Օսման Չեկիչիից: Քառորդ եզրափակիչում Ալիխանյանի մրցակիցը կլինի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, իտալացի Ֆրանկ Չամիսոն:

2018թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) անհաջող մեկնարկեց քառորդ եզրափակիչից, որտեղ ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվեց 2018թ. Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, 2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի Մ-23 առաջնության բրոնզե մեդալակիր, Բելառուսի ներկայացուցիչ Դենիս Խրամենկովին:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան նաև Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերի 17-ին:

Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևի հետ, իսկ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) որակավորման փուլից կսկսի մոլդովացի Նիկոլայ Գրահմեզի հետ գոտեմարտով: Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արման Ավագյանը (79 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի 2020թ. Ասիայի չեմպիոն, Ղրղզստանի ներկայացուցիչ Արսալան Բուդաժապովի հետ, իսկ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի կամ Բեդոպասա Դջոնդեն (Գվինեա Բիասու), կամ Թեիմուրազ Նասկիդաևան (Իսպանիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում