Աշխարհի Գավաթ. Չալյանը և Գալստյանը պարտվեցին քառորդ եզրափակիչում

17:00   12 դեկտեմբերի, 2020

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 12-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության առաջին մրցումային օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ, որոնից միայն Մալխաս Ամոյանին (72 կգ) հաջողվեց նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր:

2018թ. աշխարհի ու 2019թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Մալխաս Ամոյանը (72 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 6:0 հաշվով ուժեղ գտնվեց 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր, սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչից: Քառորդ եզրափակիչում Ամոյանը 1 րոպե 47 վայրկյանում 12:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի թուրք Չենգիզ Արսլանի հետ:

Սլավիկ Գալստյանը (67 կգ) մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ 7:0 հաշվով հաղթելով կուբացի Կրիստոբալ Տորես Նունյեսին: Քառորդ եզրափակիչում Գալստյանը վիճելի մրցավարական որոշումների պայմաններում 4:7 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը (77 կգ) որակավորման փուլում հաղթահարեց լեհ Իվան Նիլիպիուկի արգելքը (4:0), իսկ 1/8 եզրափակիչում 4:2 հաշվով հաղթեց իտալացի Մատեո Մաֆեցոլիին: Կիսաեզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը վիճարկեց կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուս Ռոման Վլասովի հետ և պարտություն կրեց 1:3 հաշվով:

Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 0:4 հաշվով պարտվեց աշխարհի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն, ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին, որը դուրս է եկել կիսաեզրափակիչ:

2018թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը (87 կգ) մեկնարկեց 1/8 եզրափակիչից, որտեղ 2:3 հաշվով պարտվեց 2019թ. երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունգարացի Իստվան Տակաչին և լքեց պայքարը:

Եթե Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած ըմբիշները նվաճեն եզրափակիչի ուղեգիր, նրանք հնարավորություն կստանան դեկտեմբերի 13-ին պայքարել բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերի 13-ին: Նրանց առաջին մրցակիցները ևս հայտնի են:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։