ՈւԵՖԱ-ն չի ծրագրում տեղափոխել Հայաստանի հավաքականի խաղերը

14:55   29 սեպտեմբերի, 2020

ՈւԵՖԱ-ն դեռ չի ծրագրում տեղափոխել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերն Ազգերի լիգայում, հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը:

Միևնույն ժամանակ, կազմակերպությունն ուշադիր հետևում է Արցախում ընթացող ռազմական գործողություններին:

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 7-ին Երևանում ընկերական հանդիպում է անցկացնելու Ալբանիայի հետ, իսկ 4 օր անց Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրում ընդունելու է վրացիներին:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը NEWS.am Sport-ի թղթակցին հայտնել էր, որ այդ հանդիպումների անցկացման վայրի փոփոխության վերաբերյալ որևէ խոսակցություն չկա այս պահին:

«Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումների անցկացման վայրին, ապա այս պահի դրությամբ այդ մասին դեռևս որևէ խոսակցություն չկա: Ամեն ինչ այնպես է, ինչպես նախատեսված էր»,- նշել էր Արմեն Մելիքբեկյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հրետակոծվում են նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։