13:49  ,  29 սեպտեմբերի, 2020

Արմեն Մելիքբեկյան. Ֆուտբոլն այս իրավիճակում կարող է հումանիտար լավ հարթակ հանդիսանալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործադիր կոմիտեի արտահերթ նիստում կայացրեց անսպասելի որոշում, այն է՝ Հայաստանում հայտարարված ռազմական դրության ընթացքում շարունակել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը:

NEWS.am Sport-ի թղթակցը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանից փորձեց պարզել, թե արդյոք դրա համար կային ծանրակշիռ պատճառներ՝ հաշվի առնելով, որ այս օրերին արցախա-ադրբեջանական սահմանին հայ զինվորներ են զոհվում, իսկ ՀՖՖ-ն որոշում է ֆուտբոլ խաղալ այստեղ: Ըստ Արմեն Մելիքբեկյանի, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մի շարք կարևոր հանգամանքներ:

«Ֆուտբոլն այս իրավիճակում կարող է հումանիտար լավ հարթակ հանդիսանալ: Մենք պետք է ֆուտբոլի միջոցով բարձրաձայնենք տիրող իրավիճակի, Արցախի բնակչության անվտանգության անհրաժեշտության մասին: Մենք որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Ֆուտբոլը լավ հարթակ է՝ ինչ-որ կերպ բարձրաձայնելու ստեղծված իրավիճակի մասին, ինչը մենք կանենք սեպտեմբերի 30-ի հանդիպումների ընթացքում, և դա կներկայացնենք միջազգային հանրությանը: Բացի այդ, սա կարող է երաշխիք լինել, որ Հայաստանում կարող են անցկացվել միջազգային հանդիպումներ»,- NEWS.am Sport-ի գրավոր հարցմանը պատասխանել է Արմեն Մելիքբեկյանը:

Հարցին, թե Հայաստանի կառավարության հետ քննարկումներ եղե՞լ են այս որոշման վերաբերյալ, ՀՖՖ նախագահը նշել է հետևյալը. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անընդհատ կապի մեջ է ՀՀ կառավարության հետ և պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել իր իրավասությունների շրջանակներում տեղավորվող ցանկացած հարցի շուրջ»:

NEWS.am Sport-ի տեղեկություններով, ՀՖՖ գործկոմի ոչ բոլոր անդամեներն էին կողմ առաջնությունը շարունակելու տարբերակին: Արմեն Մելիքբեկյանի խոսքով, ՀՖՖ գործկոմի անդամների մեծ մասը կողմ է արտահայտվել առաջնությունը շարունակելուն, ինչից ելնելով կայացվել է այդ որոշումը:

«Մենք ՀՖՖ Գործկոմի արտահերթ նիստին հրավիրել էինք նաև ակումբների ներկայացուցիչներին: Ծավալվեց արդյունավետ քննարկում: Ակումբների մեծամասնությունը, ինչպես նաև ՀՖՖ գործկոմի անդամների մեծ մասը կողմ քվեարկեցին առաջնությունը շարունակելուն: Ելնելով այս ամենից՝ մենք կայացրեցինք այս որոշումը»,- հայտնել է ՀՖՖ նախագահը:

Հոկտեմբերի 7-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը հերթական խաղերն է անցկացնելու Երևանում՝ ընդունելով Ալբանիային (ընկերական խաղ) և Վրաստանին (Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպում): Արմեն Մելիքբեկյանը պատմեց, որ այդ հանդիպումների անցկացման վայրի փոփոխության վերաբերյալ որևէ խոսակցություն չկա այս պահին:

«Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումների անցկացման վայրին, ապա այս պահի դրությամբ այդ մասին դեռևս որևէ խոսակցություն չկա: Ամեն ինչ այնպես է, ինչպես նախատեսված էր»,- նշել է Արմեն Մելիքբեկյանը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի առաջնության հաջորդ տուրի բոլոր հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 30-ին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող պատերազմական լայնածավալ գործողությունների վրա, որոշել է բոլոր հանդիպումներից առաջ իրականացնել #ArtsakhStrong արշավը: Հանդիպումները կսկսվեն լռության րոպեով, իսկ մասնակից թիմերի ֆուտբոլիստները կկրեն սև ժապավեններ: Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ տարածքում ռազմական դրության առկայությունը և առաջնորդվելով ՀՀ Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի հոդված 8-ի ը կետով, որոշվել է հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով