«Յուվենտուսը» հաղթեց «Ինտերին» (ֆոտո, վիդեո)

01:35   9 մարտի, 2020

Իտալիայի առաջնության 26-րդ տուրի խաղում չեմպիոն «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց Միլանի «Ինտերին»։

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց։ Ընդմիջումից հետո իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը կարողացավ բացել հաշիվը։ 54-րդ րոպեին ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո գրավեց սլովենացի Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասը։ Ռոնալդուն 1000-րդ հանդիպումն անցկացրեց պրոֆեսիոնալ կարիերայում։

67-րդ րոպեին թուրինյան թիմի առավելությունը կրկնապատկեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը փոխարինման էր դուրս եկել 59-րդ րոպեին։ Գոլային փոխանցումը կատարեց Ռեմսին։

79-րդ րոպեին ոչ մարզական վարքի համար կարմիր քարտ ստացավ «Ինտերի» պահեստային դարպասապահ, իտալացի Դանիելե Պադելի։

Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով հանդիպումն անցավ առանց հանդիսականների։ Իտալիայի կառավարության որոշմամբ՝ մինչեւ ապրիլի 3-ը բոլոր մարզական միջոցառումները երկրում փակ կլինեն երկրպագուների համար։

«Յուվենտուսը» 63 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոյի» նկատմամբ։ «Ինտերը» երրորդն է․25 խաղում վաստակել է 54 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 2։0 (տեսանյութ)

Աարոն Ռեմսի, 54, Պաուլո Դիբալա, 67

Հեռացում՝ դարպասապահ Դանիելե Պադելի («Ինտեր», պահեստային), 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։