Արթուր Ալեքսանյան․ Բոլոր հնարավոր տիտղոսները ունեմ, բայց ինձ ժողովուրդն է մոտիվացնում

00:11   16 փետրվարի, 2020

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված Եվրոպայի առաջնությունում 5-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճած օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վերադարձել է հայրենիք։ Բազմաթիվ երկրպագուներ են դիմավորել աշխարհի եռակի չեմպիոնին «Զվարթնոց» օդանավակայանում։

«Վնասվածքից հետո առաջին լուրջ մրցաշարն էր։ Շատ կարեւոր է, որ հանկարծ վնասվածքը չկրկնվի։ Լավ մարզավիճակում էի, ինձ լավ էի զգում։ Հույս ունեմ, որ Օլիմպիական խաղերում ավելի լավ մարզավիճակում կլինեմ, ավելացնելու տեղ կա։ Կշարունակենք աշխատանքը։ Ամենակարեւորը առանց վնասվածքների մոտենամ Օլիմպիական խաղերին, մնացածը լավ կլինի։

Բոլոր գոտեմարտերն էլ մի շնչով անցան մինչեւ եզրափակիչ։ Իմ հիմնական մրցակիցներն էին բոլորն էլ՝ աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ։ Եզրափակիչում՝ ինչպես մարզիչների հետ որոշել էինք, այդպես էլ անցկացրի։

Մինչեւ Օլիմպիական խաղեր հավաքներից բացի, հնարավոր է՝ մեկ մրցաշարի մասնակցեմ։

Բոլոր հնարավոր տիտղոսները ունեմ, բայց ինձ ժողովուրդն է մոտիվացնում, այսքան մարդ եկել է դիմավորելու, ուրախացել են, նրանք են ինձ մոտիվացնում։

Ուղեգիրն արդեն ունեմ, վարկանիշային մրցաշարերից ազատ եմ։ Հիմա կհանգստանամ եւ ավելի հանգիստ կպատրաստվեմ Օլիմպիական խաղերին»,- նշեց Արթուր Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը 7:1 հաշվով հաղթել է Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլիին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։