Ռուբեն Նազարեթյան. Գոհ եմ վիճակահանությունից

19:30   13 փետրվարի, 2020

Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն անդրադարձել է փետրվարի 13-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցած ՈւԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությանը:

«Անկախ վիճակահանության արդյունքից՝ եթե ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, ապա պետք է պատրաստ լինեինք մրցելու ցանկացած մրցակցի հետ։ Մինչև Բուլղարիայի ընտրանու դեմ հանդիպումները դեռ բավական ժամանակ կա, կուսումնասիրենք մրցակցին և կփորձենք հասկանալ նրանց ուժեղ և թույլ կողմերը։

Ֆուտբոլային տեսանկյունից վիճակահանությունը գնահատում եմ դրական։ Մրցակիցը մի փոքր առավելություն է ունենալու, քանի որ մենք ավելի շատ ժամանակ ենք ծախսելու ճանապարհներին։ Հանդիպումներին ընդառաջ՝ ապրիլի 1-ին, կսկսենք արդեն մարզական հավաքը»,- Նազարեթյանի խոսքը փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը կմրցի Բուլղարիայի ընտրանու հետ, որտեղ էլ կկայանա առաջին հանդիպումը։ 

Բուլղարիայի ֆուտզալի ընտրանին որակավորման փուլի 4-րդ խմբում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով Ալբանիայի և Սան Մարինոյի հավաքականներին։ 

Հանդիպումները տեղի կունենան ապրիլի 8-ին և 15-ին: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ:

Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբում պարտվեց Բելգիային, հաղթեց Չեռնոգորիային և ոչ ոքի խաղաց Շոտլանդիայի հետ: Հայաստանի հավաքականը 4 միավորով գրավեց երկրորդ տեղը և նվաճեց հիմնական խմբային փուլի ուղեգրի համար անցումային հանդիպումների մասնակցելու իրավունք։

Անցումային հանդիպումներին կմասնակցեն 9 խմբերում երկրորդ տեղ գրաված հավաքականները և երրորդ տեղ զբաղեցրած լավագույն 5 հավաքականները։ Անցումային հանդիպումներում առավելության դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2022-ի հիմնական խմբային մրցաշարի ուղեգիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։