23:52 15 նոյեմբերի, 2019Կարծում եմ՝ Հայաստանի խաղն այսօր չստացվեց: Ուրախ եմ իմ թիմի հաղթանակի կապակցությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի Ջոն վան'տ Շին՝ մեկնաբանելով Եվրո-2020-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակը:
«Ուրախ եմ մեր հաղթանակի կապակցությամբ: Առաջին խաղակեսում գնդակին տիրապետում էինք: Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ կարող ենք նաեւ կորցնել գնդակը: Բայց մենք կարողացանք մինչեւ վերջ ճիշտ աշխատել պաշտպանությունում:
Մենք սպասում էինք, որ Հայաստանը պետք է պաշտպանվի, բայց կարծում եմ, Հայաստանի խաղն այսօր չստացվեց: Չէր ստացվում Հայաստանի հակագրոհներ, շուտ էին կորցնում գնդակը: Վտանգավոր պահեր ստեղծում էին հայ ֆուտբոլիստները, բայց մենք կարողացանք պահպանել մեր առավելությունը:
Չեմ ցանկանում այսօր խոսել Հայաստանի հավաքականի խաղի մասին, այլ ուզում եմ խոսել իմ հավաքականի հաղթանակի մասին: Շնորհավորում եմ մեր հավաքականին հաղթանակի կապակցությամբ: Խնդիր էինք դրել Բոսնիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո ավելացնել արձանագրած հաջողությունը:
Ես չեմ մտածում հրաժարականի մասին, հաշվի առնելով, որ չկարողացանք նվաճել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Սա մեծ ծրագիր է եւ ամեն ինչ առջեւում է»,- ասաց Ջոն վան'տ Շին:
Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտվեց Հունաստանի հավաքականին: Հանդիպման 35-րդ րոպեին Հունաստանի հավաքականի հարձակվող Դիմիտրիս Լիմինիոսը բացեց խաղի հաշիվը: Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում մրցակցի դարպասին հարված չի կատարել: Հայաստանի հավաքականը հանդիպման ընթացքում 4 հարված է կատարել, որից 2-ը՝ մրցակցի դարպասին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը կազմել է 38:62 ՝ հօգուտ Հունաստանի:
Զուգահեռ ընթացած J խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթանակ տարավ Լիխտեյնշտեյնի նկատմամբ և Իտալիայից հետո նվաճեց եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգիրն այս խմբից:
Եվրո-2020, ընտրական մրցաշար, J խումբ, 9-րդ տուր
Հայաստան - Հունաստան՝ 0։1
Դիմիտրիս Լիմինիոս, 35
Ֆինլանդիա - Լիխտեյնշտեյն՝ 3:0
Ժասե Տուոմինեն, 21, Տեմու Պուկի, 64, 75
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.