Փաշիկ Ալավերդյանը՝ Թաիլանդից․ Սպասված էր Հակոբ Մկրտչյանի չեմպիոնությունը

21:22   23 սեպտեմբերի, 2019

Սպասված էր Հակոբ Մկրտչյանի չեմպիոնությունը։ Նա դեռ 2018 թվականին պետք է դառնար աշխարհի չեմպիոն։ Այստեղ շտկեց իր անցած տարվա սխալը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Թաիլանդից ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ մեկնաբանելով Հակոբ Մկրտչյանի չեմպիոնությունն աշխարհի առաջնությունում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 89 կգ քաշայինների պայքարում Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալ եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն։

«Սպասում էի, որ Հակոբը այս տարի նվաճելու է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նա դեռ 2018 թվականին պետք է չեմպիոն դառնար, եթե երկու մոտեցումից մեկն անում էր, չեմպիոն էր դառնում։ Այս տարի Եվրոպայի չեմպիոն էր եւ այստեղ նրանից այլ սպասելիք չկար, քան աշխարհի ոսկե մեդալը։

Մեծ մրցակցություն էր՝ գրամ-գրամ պայքար էր գնում։ Պոկում վարժությունում Հակոբ Մկրտչյանը ընդամենը չորրորդն էր՝ 167 կգ-ով։ Երրորդ մոտեցումը ձախողեց, այդ պատճառով էլ 4-րդն ընկավ։ Բայց հրում վարժությունում բոլորին հաղթեց։ Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի համար։ Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Պոկում վարժությունում Հակոբ Մկրտչյանը 167 կգ արդյունքով չորրորդն էր, իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 208 կգ եւ երկամարտում 1 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը գրաված իրանցի Ալի Միրիին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։