«Սոչի» տեղափոխված Ա․ Կարապետյան․ Տղաները հրաշալի ընդունեցին, ինձ շատ լավ եմ զգում այստեղ

00:30   12 հուլիսի, 2019

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը 1 տարվա պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Սոչիի» հետ։ Նախատեսված է նաեւ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայ ֆուտբոլիստը պատմեց իր տպավորությունների մասին։

«Տղաները հրաշալի ինձ ընդունեցին «Սոչիում»։ Հրաշալի մարդիկ են, ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Ղեկավարությունը եւս շատ համակրելի է, ինձ ամեն ինչում աջակցեցին։

Շատ հավակնորդներ կային, խոսակցություններ կային, որ այլ հարձակվողի կընտրեն, բայց ես ինձ գերազանց դրսեւորեցի, եւ մարզիչները շանս տվեցին ինձ։ Շատ ուրախ եմ այս հնարավորության համար։ Պետք է ասեմ, որ այս շանսն ինձ տվեց Ռոման Բերեզովսկին, որը հրավիրեց ինձ այստեղ։ Ես ընդունեցի առաջարկը, մասնակցեցի փորձաշրջանին, չորս գոլ խփեցի։

Հույս ունեմ, որ գերազանց կդրսեւորեմ ինձ նաեւ առաջիկա խաղերում։ Շատ լավատես եմ եւ վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի։

Այս մրցաշրջանում երկու նպատակ կա․ շատ գոլեր խփել Ռուսաստանի Պրեմյեր լիգայու եւ Հայաստանի հավաքականի հետ նվաճել Եվրո-2020-ի ուղեգիր։ Հավատում եմ, որ կարող ենք։ Բոսնիայի դեմ առաջիկա խաղը շատ կարեւոր է Հայաստանի հավաքականի համար։ Տանը շատ հայեր մեզ կաջակցեն, մենք կարող ենք հաղթել»,- նշեց Ալեքսանդր Կարապետյանը։

Ալեքսանդր Կարապետյանը հուլիսի 10-ին հաջողությամբ բուժզննում էր անցել ռուսական ակումբում։

31-ամյա ֆուտբոլիստը «Սոչիի» հետ մեկնել էր մարզումային հավաքի Սլովենիա՝ անցնելով փորձաշրջան։

Երեք ստուգողական հանդիպումներում նա խփեց չորս գոլ։

Ալեքսանդր Կարապետյանը նախքան այս հանդես էր գալիս Լյուքսեմբուրգի «Պրոգրեսում»։

Հայաստանի հավաքականում Կարապետյանն անցկացրել է 8 հանդիպում, խփել 4 գոլ։

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։