10:24  ,  22 օգոստոսի, 2012

«Ռեալի» թուրք կիսապաշտպանը վարձակալությամբ կտրվի Լոնդոնի «Արսենալին»

Լոնդոնի «Արսենալը» պայմանավորվել է Մադրիդի «Ռեալի» հետ 23-ամյա թուրք կիսապաշտպան Նուրի Շահինի վարձակալության մասին: Առաջիկայում պաշտոնապես կձեւակերպվի Շահինի տեղափոխությունը լոնդոնյան ակումբը: Շահինը կփոխարինի «Բարսելոնա» տեղափոխված կամերունցի կիսապաշտպան Ալեքս Սոնգին:

«Ռեալն» ավելի վաղ հասկացրել էր, որ չունի թուրք ֆուտբոլիստի ծառայությունների կարիքը: Եթե Շահինը համաձայնի տեղափոխվել Լոնդոն, ապա նոր թիմին կարող է միանալ արդեն Անգլիայի առաջնության երկրորդ տուրում, հաղորդում է Sky Sports-ը:

Շահինը Մադրիդ է տեղափոխվել 2011-ին Դորտմունդի «Բորուսիայից»` կնքելով վեց տարվա պայմանագիր: Սակայն Մոուրինյոյի թիմում նա անցկացրել է ընդամենը 11 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում