12:40  ,  19 մարտի, 2019

Արսեն Բեգլարյան. Ռոման Բերեզովսկին մինչեւ հիմա հրաշալի մարզավիճակում է

Բելառուսական «Լուչի» նորեկ, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանն առանձնացրել է կարիերայի ամենահիշարժան պահերը: 26-ամյա դարպասապահը հիշել է 2016-ին կայացած Դանիայի հավաքականի դեմ ընտրական հանդիպումը, որտեղ նա հետ էր մղել Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի իրացրած 11 մետրանոցը:

«Էրիկսենի իրացրած 11 մետրանոցը հետ մղելը կարիերայիս ամենահիշարժան պահերից էր: Դա, երեւի, ամենահիշարժան պահերից մեկը կմնա ամբողջ կյանքում: Սակայն չեմ ձգտում հիշել դա շատ հաճախ, պետք է այնպես անեմ, որ այսպիսի պահերը լինեն ավելի շատ:

Չէի ասի, որ 11 մետրանոցների մասնագետ եմ: Սակայն չեմ կարծում, որ 11 մետրանոցներ հետ մղելը ցուցանիշ է: Պարզապես այդ պահի կարեւորությունն այլ էր, քանի որ Էրիկսենը համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է»,- դարպասապահի խոսքը մեջբերում է «Լուչի» կայքը:

Արսեն Բեգլարյանը խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու մասին:

«Ռոման Բերեզովսկին հրաշալի մասնագետ է: Նա օգնում է եւ շատ խորհուրդներ տալիս: Բերեզովսկին կարողացավ շատ արագ ներգարվվել մարզչական աշխատանքին, քանի որ, երեւի, նախապես ծրագրել էր դա: Նա անցկացնում է ժամանակակից մարզումներ՝ առաջարկելով բազմաբնույթ վարժություններ:

Ունեցել եմ հնարավորություն հետեւել, թե ինչպես է Բերեզովսկին պատրաստվում մարզումներին ու խաղերին, ինչպես է վերականգնվում եւ պահում մարզավիճակ: Ի դեպ, նա մինչեւ հիմա հրաշալի մարզավիճակում է, ավելորդ քաշ չի հավաքել եւ մինչեւ օրս որոշ վարժություններ կատարում է մեզ հետ միասին: Հրաշալի կլիներ այդքան տարի խաղալ այդ մակարդակում:

Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, հայտնվում են նոր ակումբներ, որոնք, հուսով ենք, թարմ արյուն կտան հավաքականին: Սակայն լավագույն սերունդը, երեւի, 6 տարի առաջ էր, երբ թիմը մոտ էր Եվրո-2012-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելուն: Հուսով եմ, որ կհայտնվի նոր սերունդ, որը կգերազանցի այդ հաջողությունը, եւ մենք կհասնենք մեր նպատակին»,- ասել է Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ Արսեն Բեգլարյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Բոսնիա եւ Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին:

Հայաստանի հավաքականն Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հավաքը կսկսի մարտի 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում