12:20  ,  8 նոյեմբերի, 2018

Մոուրինյոն «լռեցրել է» «Յուվենտուսի» ֆանատներին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ 2:1 հաշվով կամային հաղթանակից հետո «ծաղրել» է իտալական ակումբի ֆանատներին: Թուրինում կայացած հանդիպման վերջում պորտուգալացի մասնագետը ձեռքը դրել է ականջին՝ ակնարկելով, որ չի լսում երկրպագուների ձայները:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Յուվենտուսի» միջեւ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած առաջին խաղի ժամանակ իտալացի երկրպագուներն անպատվել էին Մոուրինյոյին, որը պատասխանել էր ձեռքի 3 մատները ցուցադրելով: Հնարավոր է, որ մարզիչը հիշեցրել էր «Ինտերի» հետ նվաճած տրեբլը 2009/10 մրցաշրջանում, երբ միլանյան ակումբը հաղթեց Չեմպիոնների լիգայում, Իտալիայի առաջնությունում ու երկրի գավաթի խաղարկությունում: «Յուվենտուսը» երբեք տրեբլ չի ձեւակերպել իր պատմության ընթացքում:

«Յուվենտուսի» խաղադաշտում կայացած պատասխան խաղում դաշտի տերերը հաղթում էին մինչեւ 86-րդ րոպեն, սակայն անգլիական ակումբը 2 գոլ խփեց վերջնամասում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում