17:10  +04,  6 նոյեմբերի, 2018

Հակոբ Սերոբյան. Եթե բանակի խնդիր չլիներ, Արթուր Դալալոյանը աշխարհի չեմպիոն կդառնար Հայաստանի թիմի կազմում

Հայաստանի սպորտի նորանշանակ փոխնախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել եմ մարմնամարզությունում եւ, առհասարակ, հայկական սպորտում մեծ խնդիր հանդիսացող զինծառայության մասին օրենքի հարցը: Եթե զինծառայության հարց չլիներ, օրինակ, այս տավա աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը աշխարհի ոսկե մեդալակիր կլիներ Հայաստանի հավաքականի կազմում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Նոյեմբերի 5-ին Հակոբ Սերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանի հետ: Քննարկվել են հայկական մարմնամարզության խնդիրները, մարզադահլիճների պայմանների, մարզագույքի բացակայության հարցերը, ինչպես նաեւ մարզիկների պարտադիր զինծառայության մասին օրենքը, որով, ըստ գլխավոր մարզիչի, տուժում է մարզաձեւը:

«Նախարարի տեղակալի հետ հանդիպումից շատ տպավորված եմ. ազատ ու անկաշկանդ քննարկեցինք մեր խնդիրները: Ծառայության հետ կապված խնդիր եմ բարձրացրել: Ըստ գործող օրենքի՝ մարմնամարզությունում զինվորական ծառայությունը սպորտային վաշտում անցկացնելու իրավունք ունեն Եվրոպայի եւ աշխարհի մինչեւ 5-րդ տեղը զբաղեցնող մարզիկները: Ես կուզեի, որ այդ օրենքը վերանայվեր: Ամեն մարզաձեւի համար թող առանձին լինի արդյունքները: Մեր մարզաձեւի համար շատ բարձր է 5-րդ տեղը: Հատուկենտ մարզիկների է հաջողվում տարիների քրտնաջան աշխատանքից հետո անգամ դուրս գալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ: Գոնե ով անցնում է եզրափակիչ, թող օրենքը նրա վրա չազդի: Այս օրենքն ազդում է մեր եկող սերնդի վրա:

Փոխնախարարի հետ խոսեցինք, նա շատ լավ հասկացավ: Կարծում եմ՝ կվերականգնեն սպորտային վաշտը: Թող մարզիկն անպայման ծառայի, ես նույնպես կողմ եմ, որ բոլորը հավասար ծառայեն, բայց օրվա 2-3 ժամը մարզիկը հնարավորություն ունենա գալ մարզադահլիճ, մարզվել: Եթե այս գործող օրենքով շարունակվի, հայկական մարմնամարզությունը կմեռնի: Մեր այս տղաներից հետո սերդնափոխություն չի լինի, արդյունքներ չենք ունենա, ես էլ այդքան առողջություն չունեմ: Մենք այսօր ուժեղ թիմ ունենք, լավ արդյունքներ ունենք եւ ցավ կապրեմ, եթե մեզանից հետո արդյունքները նվազեն:

Մի խնդիր էլ կա, որը բարձրաձայնեցի: Ունենք դրսում մարզվող շատ լավ մարզիկներ, ովքեր Հայաստանի հավաքական չեն ընդգրկվում, քանի որ ՀՀ քաղաքացի դառնալուն պես պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայության: Օրինակ՝ Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող Արթուր Դալալոյանը դեռեւս 3-4 տարի առաջ ուներ ցանկություն մարզվել Հայաստանում եւ հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Մենք առաջարկ էինք ստացել նրա մարզիչից, բայց անմիջապես անձնագրի հարց առաջացավ: Իսկ երբ անձնագրի հարցը լուծվեր, առաջ էր գալիս զինծառայության հարցը: Բնական է, որ որեւէ մեկը չի ցանկանա գա նորից զինծառայություն անցնի: Այդպես շատ մարզիկներ կցանկանային Հայաստանից հանդես գալ, բայց այս օրենքը խանգարում է նրանց»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Անդրադառնալով պայմաններին եւ մարզագույքին՝ գլխավոր մարզիչը նշեց, որ փոխնախարարը խոստացել է լուծում տալ այդ խնդիրներին.

«Գործիքների խնդիր ունենք: Հենացատկի, նժույգի վարժության գործիք չունենք: Հզոր երկրները նայում են, թե ինչ գործիքների վրա են անցկացվելու աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները, նախապես գնում են եւ այդ ապրանքանիշի մարզագույքերով են պատրաստվում: Մենք հասկանում ենք, որ Հայաստանն այդքան հնարավորություն չունի յուրաքանչյուր մրցաշարից առաջ գնել նորը, բայց պետք է լուծենք մեր ունեցած գործիքների խնդիրը: Մենք ուզում ենք աշխարհի չեմպիոն ունենալ: Ունենք այդ պոտենցիալը: Բայց մեր դահլիճային պայմանները չեն ներում, գործիքները մաշված են եւ կոտրված: Օրինակ՝ հենացատկի կամրջակը կոտրված էր: Մեր ընկերներից մեկը մեզ համար դրսից գնել էր, մենք էլ հետներս բերել ենք: Մենք չունեինք փոսը եւ այդ հարցը լուծվեց Ռուսաստանի ֆեդերացիայի միջոցով: Դահլիճի հատակը փտած է, արդեն շուրջ մեկ տարի է, նոր ցատկահարթակ ունենք, չենք տեղադրում այդ հատակին»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ վերջերս Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դալալոյանը չեմպիոն էր դարձել անհատական բազմամարտում ու ազատ վարժություններում: Ռուսաստանը 1999 թվականից հետո չէր ունեցել աշխարհի չեմպիոն անհատական բազմամարտում:

Լուսինե Շահբազյան



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: